Խորհրդային ժամանակաշրջանից Կապանի համայնապատկերը փչացնող դեղնագույն ժայռային հատվածը, որը գոյացել է հանքանյութեր հայտնաբերելու նպատակով կատարված հետախուզական աշխատանքների հետևանքով, կվերածվի 1,2 հեկտար անտառի։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 հեկտար ընդգրկող անտառվերականգնման ծրագրում ներառել է նաեւ այդ հատվածը։ Հաջորդ տարի հողային աշխատանքներն ավարտված կլինեն, կանցկացվի կաթիլային ոռոգման ցանց և կմեկնարկի ծառատունկ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Բնապահպանության բաժնի պետի տեղակալ Արծվին Ծատրյանն ասում է՝ տարածքը ընտրվել է Կապան համայնքի ղեկավարի հետ սերտ համագործակցության արդյունքում․ «Այն կասկադային հարթակների միջոցով տարանջատված է լինելու միմյանցից, տվյալ պահին հողային աշխատանքներ են ընթանում և օքսիդացած ապարներն են հեռացվում, որի արդյունքում էլ պետք է ստանանք համապատասխան հարթակները»։
Արծվին Ծատրյանն ասում է, որ օքսիդացած դեղին ծածկը հեռացվելու է և տեղափոխվելու է Կապանի աղբավայր։ Աղբավայրում ևս աշխատանքներ կկատարվեն, որպեսզի վնասված հողն արտաքին միջավայրում հայտնվելու հնարավորություն չունենա։
«Աղբավայր տեղափոխելուց հետո դեղին շերտի վրա իրականացվելու է փակում, այսինքն՝ մնացած հողային և քարերի խճային շերտով ամբողջությամբ ծածկվում է դեղին շերտը»,- նշում է բնապահպանության բաժնի պետի տեղակալը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է մինչև հաջորդ տարվա գարնանը հողային աշխատանքներն ավարտել, անցկացվելու է կաթիլային ոռոգման ցանց, բարձունքի վրա տնկվելու են տարատեսակ ծառեր՝ տանձենիներ, մասրենիներ, սերկևլենիներ։
Կոմբինատը խոստանում է Կապանում կառուցել զբոսանքի ևս մեկ վայր` միաժամանակ լուծելով տասնամյակներ շարունակ առկա բնապահպանական խնդիրը։











