Երեկ երեկոյան շատ տագնապալի իրավիճակ էր օպերատիվ առումով երկրի ներսում. Ոստիկանական բաժիններից մեկը ներխուժել էին զինված մարդիկ եւ պարզ չէր՝ ինչ զարգացումներ, ինչ հեռանկար կարող էր լինել: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ի պատիվ մեր ուժային կառույցներ՝ ՆԳՆ-ի եւ ԱԱԾ-ի, այդ խնդիրը լիկվիդացվեց: Բնականաբար, սա մեզ մտածելու տեղիք է տալիս, պարոն Աբազյան: Փաստորեն դեռ տներում շատ զենք կա: Շնորհավորում եմ մեզ երեկվա արագ բացահայտումների համար: համոզված եմ, որ ամբողջ գիշեր աշխատանք է տարվել: ՀՀ-ում որեւէ ապօրինի զինված խմբավորում չի կարող լինել, թաքնված զենք չի կարող լինել, որովհետեւ հին ասացվածք կա՝ պատից կախված հրացանը մի օր կրակում է: Այդ կրակոցները չեն կարող մեր երկրում լինել, մենք ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ, որի լուծմանը պետք է դա միտված լինի:
Մենք պետք է ամուր զգանք մեր երկրի ներսում: Որեւէ մեկի մտքով չպետք է անցնի, որ գիտես ինչ, իր պատկերացմամբ ինչ-որ պահի մասնակից է եղել ինչ-որ գործողությունների... մենք պետք է հարգանքով վերաբերվենք Եռաբլուրին եւ նրանց, որոնք իրենց կյանքն ու ամեն ինչն են տվել: Այսօր դա դարձնել դրոշակ, մտնել եւ պահանջներ դնել պետության առաջ, դա որեւէ երկիր չի հանդուրժի: Ամբողջ գիշեր բոլորն իրենց մաշկի վրա գացին, որ պետք է սթափվեն»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա հավելեց, որ հետագա աշխատանքները պետք է միտված լինեն նման դրսեւորումները օր առաջ բնում խեղդելու համար:











