Դրանք քաղաքական որոշումներ են, եւ իմ կարծիքով դրանք այս բարդ աշխարհաքաղաքական վիճակում մեզ հնարավորություն են տալիս թե՛ միջազգային ատյաններում, թե՛ երկրի ներսում ավելի ճիշտ դիրքավորում ունենալ: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է ճիշտ, որ Բաքվում ունենալով բազմաթիվ հայ ռազմագերիներ, Հայաստանի կառավարությունը ամիսներ առաջ որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին վերադարձրեց ադրբեջանցի գերուն:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Հայաստանը պատրաստվում է հետ վերցնել հայցերը, որոնք ներկայացված են ընդդեմ Ադրբեջանի՝ նախարարն ասաց․ «Չեմ կարող մեկնաբանել, դրանք զուտ խոսակցությունների փուլում են։ Եթե դա քննարկման փուլ է, կարող են լինել որոշակի պայմանավորվածություններ այս կամ այն գործով հաշտության գնալ, ինչպես բոլոր պրոցեսներում»։











