Ազգային ժողովում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստը:

ԱԺ-ում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հանդիպումը տեղի է ունենում դռնփակ. առաջարկը ՔՊ-ին էր, ընդդիմությունը, սակայն, դեմ էր:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը հայտնեց, որ իրենք կողմ են քվեարկելու նիստը փակ անցկացնելու որոշմանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նկատեց, որ հարցը հանրային հետաքրքրություն է ներկայացնում և ընդդիմադիր խմբակցությունը դեմ կքվեարկի նիստ փակ ռեժիմով անցկացնելու առաջարկին։

Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ անիմաստ է  նիստը փակ անցկացնել, քանի որ յուրաքնաչյուր պատգամավոր, ունի հեռախոս, որով կարող է գաղտնալսել փակ նիստը։

Ալեն Սիմանյանն ընդունեց Մանուկյանի դիտարկում և ասաց, որ հեռախոսները պետք է հավաքվեն։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այն պատգամավորները, որոնք գաղտնիության ռեժիմով նիստին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լքեն դահլիճը: Մյուս բոլոր պատգամավորները պետք է նիստին մասնակցեն առանց հեռախոսի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ փակ նիստին չեն կարող մասնակցել ՔՊ-ից Դավիթ Կարապետյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գեւորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լեւոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։