Վանաձորում այսօր` նոյեմբերի 13-ին, ժամը 12-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Դիմաց կոչվող թաղամասում` Աղայան փողոցի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան բախվել է քաղաքային 2-րդ համարի երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենային: Հարվածի արդյունքում «ԳԱԶԵԼ»-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից:
Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները` ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի ղեկավարությամբ: Թեեւ երթուղայինում վթարի ժամանակ ուղևորներ են եղել, բայց նրանցից ոչ ոք չի տուժել: Փոխարենը երկու մեքենաներն էլ լրջորեն վնասվել են:
Բախման պատճառ է հանդիսացել ճանապարհի մերկասառույցը, այս փաստը չհերքեց նաեւ Արայիկ Սաֆարյանը: Ի դեպ, Վանաձորի շատ երթեւեկելի ճանապարհներ մինչ այս պահը դեռեւս սառցակալած են:
Մեր նկարահանման պահին արդեն Աղայան փողոցում կատարվում էին աղալցման աշխատանքներ: Այս օրերին, վանաձորյան մի շարք ճանապարհներ համարվում են վտանգավոր, քանի որ ոչ միայն նորմալ չեն մաքրվում, այլ նաեւ չափազանց նեղ են:

















