Ինձ ասում են՝ Տավուշում սպասում են ձեզ. Կներեք, ես վարչապետ լինելուց հետո Ոսկեպարում, Կիրանցում մի քանի անգամ եմ եղել, եւ պաշտոնապես, եւ ոչ պաշտոնապես: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Էս որ մի քանի հոգեւորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, էնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են էդ եկեղեցու մասին հիշել եւ քանի անգամ են այնտեղ պատարագ արել: Սա Stand-up է, ես չեմ հասկանում:
Հիմա «Հայաստան» խմբակցությունը սահմանազատման մասին ասում է՝ սահմանազատումը պետք է արվի խորհրդային քարտեզներով, հետո ինձ մեղադրում է, որ ես ինչ-որ տարածքներ անվանել եմ ադրբեջանական: Ես ասում եմ՝ ՀԽՍՀ կազմում, այսինքն այն քարտեզներից ներս, որով դուք ասում եք, որ պետք է արվի սահմանազատումը, երբեք չեն եղել գյուղեր, որոնց անունները բարձրաձայնում է Ադրբեջանը:
Ես համաձայն եմ, որ սա 4 գյուղի հարց չի, սա Հայաստանի հարց է: Դիպուկ 10-ին եք խփել: Հարցնում եք՝ բա ի՞նչ է ստանալու Հայաստանը, Հայաստանը ստանալու է սահման: Հայկական ԽՍՀ տարածքի վրա է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը եւ այդ տարածքը որեւէ մեկը չի կարող վիճարկել: Բայց նաեւ պետք է հասկանանք, որ սա պրոցես է, որը հնարավոր չի մեկ գործողությամբ անել: Իհարկե, այդ պրոցեսում կարող են լինել ռիսկեր, բայց դրանք պետք է կառավարել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:











