«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Երևան-Բագրատաշեն միջպետական ճանապարհը:

Նախաձեռնության համակարգող Ավետիք չալաբյանը լրգրողների հետ զրույցում նշեց. «Մենք հիմա Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհի վրա ենք՝ Ալավերդու հատվածում: Այստեղից նաեւ Օձունի խաչմերուկն է: «Հայաքվե»-ի անդամները ակցիա են իրականացնում  ի աջակցություն Տավուշի մեր բլոր հայրենակիցների, որոնք այս պահին Ոսկեպարում, Բաղանիսում, Բերքաբերում ու Կիրանցում փորձում են պաշտպանել մեր բոլորի հայրենիքը, մեր բոլորի տարածքները:

ՀՀ-ում իշխող ապօրինի վարչակարգը փորձում է աճուրդի հանել եւ հանձնել մեր բոլորի տարածքները, մեր հողերը, ներառյալ այնտեղ ապրող մարդկանց տները, միջպետական ճանապարհը եւ այլն: Մենք դա չենք կարող հանդուրժել»:

Այստեղ է նաեւ Լոռու մարզի ոստիկանապետը, որը հորդորում է բացել ճանապարհը:

Նա ոստիկաններին հրահանգեց արագ ազատել ճանապարհը. «Ամեն րոպե էստեղ կարող է փլուզում լինել, ով է դրա պատասխանը տալու: պետք չի մեքենաները կայանել այդտեղ»:

Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց: Ակցիայի մասնակիցներն ասացին, որ 15 րոպեից ճանապարհը կբացեն, բայց ոստիկանապետն անդրդվելի էր. «15 րոպե չկա, ասեցի՝ հանեք մեքենաները: մենք ենք ասում՝ ոնց անեք: Մենք երթեւեկությունն ենք կարգավորում»:

Ի վերջո ճանապարհը բացվեց: