Գյումրիի ծայրամասերից մեկում, Դանիելյան փողոցի 225/201 տնակում բնակվող Եփրիկյանների ընտանիքը երկրորդ ամիսն է ինչ զրկվել են սոցիալական նպաստից: Մանկուց հաշմանդամ երկու երեխաների մորը` Սիրարփիին Գյումրիի թիվ 2 սոցիալական ծառայությունից, իրենց չորս անձից բաղկացած ընտանիքին նպաստից զրկելը պատճառաբանել են 16-ամյա մանկուց եւ անկողնային հաշմանդամ դստրոջ հաշմանդամության մասին բժշկական հանձնաժողովի տեղեկանքի բացակայությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Շիրակ Կենտրոնից», ընտանիքի հայրը նույնպես գործազուրկ է եւ անբուժելի հիվանդությամբ է տառապում: Պետության կողմից նրանց ընտանիքը բնակարանային փոխհատուցման ենթակա չէ, քանի որ նրանք երկրաշարժին բնակվել են վարձով եւ բնակարան չեն կորցրել:

Այն տնակային թաղամասը, որտեղ բնակվում է նաեւ Եփրիկյանների ընտանիքը ենթակա է տեղահանման, քանի որ տնակների մեծ մասը տեղադրված են բարձր լարման հաղորդալարերի տարածքում: Այդ մասին, դեռեւս աշնանը, մի քանի տասնյակ տնակներից բաղկացած թաղամասի բնակիչներին զգուշացրել են «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նոր սեփականատերերի անունից: