Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի դպրոցում դասադուլ ու գործադուլ է՝ ընդդեմ մարզպետ Սերգեյ Մովիսյանի որոշման։ Այս մասին NEWS.am-ին պատմեց դպրոցի ուսուցչուհիներից Արուս Զաքարյանը։
Նա պատմեց, որ մարզպետի հրամանով երկրորդ նկատողությունն է տրվել իրենց դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանին, ըստ նրանց, դիտավորությամբ. «Ազատման հրաման դեռ չկա, բայց երկրորդ կարգապահականով հիմք են ստեղծում աշխատանքից ազատման համար։ Մարզպետը հիմա պախարակում է դպրոցի տնօրենին։ Դա արդյո՞ք հիմք է, որ լավ տնօրենին ազատեն աշխատանքից։
«Մեր տնօրենի դեմ անարդարություն է անում մարզպետը։ Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում դրա դեմ, թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները, և թե՛ ծնողները ակցիա են անում։ Դպրոց ոստիկաններ են եկել։ Մենք պահանջում ենք մարզպետի արդեն երկրորդ նկատողություն չեղարկել։
Երկրորդ նկատողության նպատակը տնօրենին աշխատանքից ազատելն է։ Առաջին նկատողության պատճառն այն է եղել, որ մարզպետարանից եկել են դպրոց, այդ ժամանակ դպրոցում լույս չի եղել, ջեռուցում էլ չի եղել, տնօրենը երեխաներին տուն է ուղարկել և երկրորդն այն է, որ տնօրենն ու փոխտնօրենը բուժման պայմաններում գտնվող աշակերտին տնայց են կատարել, այդ միջոցին կրկին մարզպետարանից են եկել և երկրորդ նկատողությունը տվել՝ աշխատանքի վայրում չլինելու պատճառով»,- պատմեց ուսուցչուհին։
Նշենք, որ NEWS.am-ին մարզպետարանից ասել են, որ թեմայի առնչությամբ տալու են պարզաբանում։











