«Տարո’ն, դու մեզ եւ բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես»: Այդ մասին Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանից: «Կարեն Կարապետյանը կարճ պաշտոնավարեց, սակայն հասցրեց հետք թողնել Երեւանի պատմության մեջ: Հաջողություն եմ մաղթում նրան իր նոր ձեռնարկումներում»,- նշել է նախագահը:
Ըստ Սարգսյանի, «Տարոն Մարգարյանը նոր մարդ չէ մեր մայրաքաղաքի կյանքը կազմակերպելու գործում եւ տեղական ինքնակառավարման բնագավառում: Ավանում նա իրեն դրսեւորել է որպես համայնքի հմուտ եւ հոգատար ղեկավար, ով գործով վաստակեց բնակչության հարգանքն ու սերը: Այդ համակրանքը չի սահմանափակվել ոչ Ավանով, ոչ էլ Հանրապետական կուսակցությունով: Այսօր նա լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի եւ Մարգարյան անվան հանդեպ»:
«Տարոն, դու մեզ եւ բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես: Մենք քո կողքին կանգնած ենք եւ մշտապես պատրաստ ենք քեզ օժադակելու: Օժանդակությունն ու աջակցությունը կարեւոր են, բայց յուրաքանչյուր մարդ, պետական պաշտոնյա ինքը պետք է կռի իր ճակատագիրը: Անհրաժեշտ է ձեւավորել համախոհների մեծ թիմ եւ լուծել Երեւանի առջեւ ծառացած խնդիրները»,- նկատել է նախագահը:
Նշենք, որ Տարոն Մարգարյանը նոյեմբերի 15-ին կայացած Երեւանի ավագանու նիստում միաձայն ընտրվել է Երեւանի քաղաքապետ: Այսօր` նոյեմբերի 18-ին կայացել է նրա երդմնակալության արարողությունը: Տարոն Մարգարյանը, ստանձնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը, երդվել է պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:











