Սևան-Երևան երթուղին կասեցվել է. առավոտյան Սևանից Երևան եկած բնակիչները խնդրի առաջ են կանգնել, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Երթուղու կասեցման մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել երթուղին սպասարկող կազմապերությունը․ «Կազմակերպության գործունեությունը կասեցվել է՝ մրցակից կազմակերպության բողոքի հիման վրա՝ ապօրինի քրեական գործի հարուցման պատճառով»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները պատմում են, որ առավոտյան Երևան են եկել, սակայն հիմա Սևան վերադառնալ չեն կարողանում. «Մոտ երկու ժամ է սպասում, երթուղային տրանսպորտ չկա»:

Քաղաքացիներից մեկն էլ պատմում է, որ երթուղու մեքենան հենց ճանապարհին կանգեցրել են, ուղևորներին իջեցրել ճանապարհին:  «Գործից հոգնած դուրս եմ եկել, հիմա պիտի ժամերով սպասեմ, ինչի՞ համար: 30-40 ուսանող էր այստեղ սպասում մեզ հետ, թողեցին գնացին»,-դժգոհում է քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ վաղն առավոտյան էլ կրկին պետք է աշխատանքի գա, սակայն չգիտի՝ ինչով:  Կանգառում սպասող ուսանողներն էլ մտահոգված  են՝ քննությունների շրջանը սկսվել  է, ամեն օր առավոտյան պիտի Երևան գան, սակայն եթե երթուղին չի աշխատում, չգիտեն՝ ինչպես են գալու և գնան: «Բարեկամս հիվանդանոցում էր, եկել էինք Երևան, հիմա արդեն լարված ենք, չգիտենք՝ ում դիմել»,-ասում է կանգառում սպասող քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ չգիտի, թե ինչպես են երեկոյան վերադառնալու Սևան: