Կլիմայական ակտիվիստները չորեքշաբթի ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա: Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում աշխարհահռչակ նախապատմական մեգալիթյան կառույցի քարերից մի քանիսի վրա նարնջագույն բծեր են երևում:
Ըստ տեղի ոստիկանության հաղորդագրության՝ հնագույն հուշարձանը վնասելու կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել։ Just Stop Oil բնապահպանական խմբի հրապարակած տեսանյութում երևում է, որ երկու ակտիվիստները վազում են դեպի Սթոունհենջի երկու մեգալիթներն ու ներկ շաղ տվել, իսկ մի ուրիշ մարդ էլ փորձում է խանգարել նրանց:
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և Մեծ Բրիտանիայի ամենաշատ զբոսաշրջային այցելության վայրերից մեկն է:
Just Stop Oil-ը հայտնի դարձավ Մեծ Բրիտանիայում բնապահպանական լայնածավալ բողոքի ակցիաների միջոցով, որոնց ընթացքում ակտիվիստները փակել են հիմնական ճանապարհներ, խափանել մշակութային և սպորտային միջոցառումներն ու նույնիսկ ապուր թափել ռեստորանում:











