Չկա մարդ, որի համար մարտի 1-ը սև էջ չլինի, բայց մարտի 1-ն ու հունիսի 12-ն ունեն մեկ խիստ առանցքային ընդհանրություն։ Երկու պարագայում էլ` թե՛ զոհերի, թե՛ մարդկանց առողջությանը պատճառված վնասի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Մարտի 1-ին, որպես ցուցարար, հունիսի 12-ին, որպես վարչապետի աթոռին նստած մարդ»,-հավելեց նա։
Հայկ Մամիջանյանը նշեց, որ խորը ցավ է ապրում, երբ մարտի 1-ի զոհերի հարազատները չեն մատնանշում, թե ով է եղել այդ օրվա զոհերի իրական մեղավորը:
«Այդ օրվա զոհերի իրական մեղավորը Նիկոլ Փաշինայն է, ես անձամբ եմ լսել, թե ինչպես է ինքը իրեն ողջունող մարդկանց ցինիզմով պատասխանում՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր ու փայտեր վերցրե՛ք, զինվե՛ք: Շատ ափսոս, որ դա կադրերում չկա, բայց կադրերում կա իր հոգու փառավորվելը ոստիկանների նկատմամբ իրականացրած գործողություններից»,-ասաց նա:











