Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը ամբողջությամբ իրենց վրա կրում են քաղաքական ազդեցություններ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա մանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը․
«Դեռևս 2020 թվականին Վճռաբեկ դատարանը Բնապահպանության տեսչական մարմնի պետ Իգոր Սարգսյանին աշխատանքից ազատելու հարց քննարկելիս հստակ արձանագրեց՝ ղեկավարվելով ՍԴ-ի որոշումների վրա, արձակեց նախադեպային իրավունք առ այն, որ ի թիվ այլնի՝ հանրային ծառայության շրջանակներում կիրառելի են նաև Աշխատանքային օրենսգրքի նորմերը։ Սա նշանակում էր, որ այլևս անկախ զբաղեցված պաշտոնից ու կարգավիճակից դա կլիներ հայեցողական, դա կլիներ վարչական կամ ինքնավար պաշտոն և այլն, պետք է լիներ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված հիմքերից մեկը․ այսինքն՝ անձին պաշտոնից ազատելուց պետք է կիրառվեր Աշխատանքային օրենսգրքով նախատեսված հիմք։ Սրան անդրադարձել էր ՍԴ-ն դեռևս 2009 թվականին կայացված որոշումներով և կայուն իրավակիրառ պրակտիկա էր ձևավորվել։
Մեզ համար շատ անհասկանալի պայմաններում Վահագն Վերմիշյանի գործով երբ առաջին ատյանը մերժել էր Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու մեր հայցը, Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարեց և արձանագրեց, որ Վահագն Վերմիշյանն ապօրինի է ազատվել աշխատանքից։ Ես հասկանում էի, որ այս իշխանություններն այն աստիճան են ուզուրպացրել դատական համակարգը, որ այստեղ մի բան այն չէ։ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի բավարարումից հետո կառավարության բերած բողոքը ընդունեց վարույթ և դիմեց ՍԴ՝ պարզելու, թե արդյո՞ք Աշխատանքային օրենսգրքի նորմերը կիրառելի են հանրային ծառայողների նկատմամբ։ Սա այն պարագայում, երբ Վճռաբեկ դատարանը ընդամենը այդ դեպքից 1 տարի առաջ արդեն իսկ հստակ արձանագրել էր, որ Աշխատանքային օրենսգրքի նորմերը կիրառելի են»,- նշեց Կոչուբաևը և հավելեց, որ ՍԴ-ն այդ դիմումի վերաբերյալ տվել է հակագիտական և հակաիրավական որոշում, ըստ որի, Աշխատանքային օրենսգրքի նորմերը կիրառելի չեն հանրային ծառայողների, վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ։
Կոչուբաևի խոսքով՝ դա նշանակում է, որ հանրային ծառայությունում վարչական պաշտոն զբաղեցնող անձը ցանկացած պահի կարող է կամայական զրկվել պաշտոնից․ «Եթե նախկին պայմաններում Վճռաբեկ դատարանի ուրվագծած դիրքորոշումներով անձին աշխատանքից ազատելուց պետք է լիներ հիմքեր, ապա մեկ տարի անց նույն դատարանն առանց պատշաճ հիմնավորման շեղվեց իր կողմից կայացված նախադեպային իրավունքից և կայացրեց որոշում, որ վարչական պաշտոն զբաղեցրած անձանց նկատմամբ կիրառելի չէ Աշխատանքային օրենսգրքի նորմերը»։











