ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ ըստ նախնական տվյալների՝ Հերացի փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով 20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

ՆԳՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել  խոշոր վթար:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Բախվել են «Կամազ»-ը ու թիվ 36 ավտոբուսը. 17 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ