Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, որ նորոգված մայթերին մեքենաներ են կանգնեցնում կամ բետոն անում։
«Բազմաթիվ սուբվենցիոն ծրագրերով մենք փողոցներ և մայթեր ենք նորոգում։ Սովորություն ունեմ այդ տեղերով փորձում եմ գնալ ու տեսնել՝ ինչ է կատարվում։ Արձանագրել եմ, որ շատ հաճախ մայթերն օգտագործում են որպես ավտոկանգառ, այսինքն՝ մայթերի վրա ավտոմեքենաներ են կանգնած, ինչը խնդրահարույց է, որովհետև մենք այն վերականգնել ենք, որպեսզի հետիոտները քայլելու հնարավորություն ունենան»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ մայթերը դարձրել են շինհրապարակ. «Մարդիկ առանց կաշկանդվելու այդ նորոգված մայթերի վրա ցեմենտ, ավազի շաղախ են անում՝ իրենց բակի նորոգման նպատակով։ Նրանք հաշվի չեն առնում, որ այդ շաղախը ասֆալտի կամ սալաքարերի վրա շերտ է թողնում, դրանով պետության նախագիծը փչանում է։ Օրինակ՝ քարեր, ավազ է թափված, աստիճաններ, գործիքներ և այլն։ Հարց է առաջանում՝ միլիարդով գումարներ ինչի՞ համար է ծախսվել, երբ չի ծառայելու իր նպատակին։ Մարդիկ նորոգված փողոցն անկաշկանդ քանդում են, տեսել եմ, որ փոսեր են ձևավորվել նոր նորոգված ճանապարհների վրա»։
Փաշինյանն ասաց, որ այդ խնդրի առնչությամբ ինքն արդեն պետական մարմիններին հանձնարարականներ է տվել։











