Օգոստոսի 14-ին Հնդկաստանը հիշատակում է 1947 թ-ին երկրի ողբերգական բաժանման արդյունքում զոհված ավելի քան 1 միլիոն հնդիկներին: Այդ կապակցությամբ այսօր Երեւանում Հնդկաստանի դեսպանատանը կազմակերպվել է ցուցահանդես, որը պատմում է, թե ինչպիսին է եղել Հնդկաստանի անկախության ճանապարհը:

Ցուցահանդեսը կրում է «Հնդկաստանի բաժանման սարսափները» խորագիրը:

«Ինչպես գիտեք, երբ Հնդկաստանը 1947 թ-ին անկախություն ձեռք բերեց, դա ուղեկցվեց մարդկության պատմության ամենացավալի իրադարձություններից մեկով, որովհետեւ երկիրն արհեստականորեն բաժանվեց երկու պետությունների՝ Հնդկաստանի եւ Պակիստանի, իսկ Պակիստանն իր հերթին բաժանվեց 2 մասի՝ Արեւելյան եւ Արեւմտյան: Այդպիսով մեր անկախությանը նախորդեց անկանխատեսելի մի ոճրագործություն։

Իմ ծնողները եւս այս իրադարձությունների զոհերից են: Այս թեման ինձ համար շատ էմոցիոնալ է, ես չեմ կարողանում այս մասն կարդալ կամ լսել՝ առանց ընտանիքիս ցավը զգալու: Այդպիսով, մենք տարիներ շարունակ խոսել ենք այս մասին մեր ընտանիքում»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց  Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: 

Հնդկաստանի կառավարությունը մեկ տարի առաջ  որոշեց հիշատակման միջոցառումը դարձնել ամենամյա:

«Արդեն երկրորդ տարին է, որ մենք այսօր  հիշատակի միջոցառումներ ենք կազմակերպում Հնդկաստանում եւ այն բոլոր երկրներում, որտեղ ունենք դեսպանատներ: Ինչպես Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության մասին, այս ողբերգության մասին եւս մենք պատմում ենք ցուցահանդեսի ու լուսանկարների միջոցով՝ ներկայացնելով, թե ինչպես է Հնդկաստանը հասել անկախության»,-հավելեց դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: