Մեծ Բրիտանիան Իրանին խոստացել է քաղաքական լուրջ միջոցառումներ ձեռնարկել` ի պատասխան նոյեմբերի 29-ին իրանական մայրաքաղաքում ցուցարարների գործողությունների: Ակնկալվում է, որ շուտով կհրապարակվի կոնկրետ քայլերի մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին  Թեհրանում գրավել էին Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի երկու մասնաշենքերը: Ցուցարարներն այնտեղ մի քանի օտարերկրացու էին բռնել, բայց շուտով ազատել էին: Ոստիկանությունը ամբոխին ցրել է արցունքաբեր գազով: Մի քանի մարդ են տուժել, այդ թվում` անվտանգության ուժերի աշխատակիցներ:

«Вести.Ру»-ն տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն վրդովմունք է հայտնել կատարվածի կապակցությամբ եւ Իրանի իշխանություններից պահանջել պատժել մեղավորներին:

«Իշխանությունները պարտավոր են պահպանել դիվանագիտական առաքելությունները. դա միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքներից է: Այն փաստը, որ ինչ-որ մեկը ներխուժել է դեսպանատուն, խոսում է այն մասին, որ Իրանն այդ սկզբունքներն անտեսում է: Մենք իշխանություններից անհապաղ գործողություններ ենք ակնկալում այս կապակցությամբ», - ասել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, նոյեմբերի 28-ին Իրանը Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնելու որոշում է կայացրել. այդ երկրի դեսպանը պետք է լքի Իրանը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է ընդունել` ղեկավարվելով ԱԷՄԳ-ի զեկույցով, ըստ որի` Իրանը միջուկային զենք է պատրաստում: