Նիկոլ Փաշինյանի կողմից հեծանվային տեսանյութեր հրապարակելու մեջ կա որոշակի տրամաբանություն, եթե խոսքը ընտրությունների մասին է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Արթուր Պարոնյանը:

«Քանի որ իշխանությունների վարկանիշը չափազանց ցածր էմ, նրանք փորձում են պատրաստվել սպասվող հերթական կամ արտահերթ ընտրություններին: Նրանք փորձում են տարանջատել անձը քաղաքական գործչից, քանի որ ունեն տոտալ քաղաքական խնդիրներ: Նրանք փորձում են վերակենդանացնել այն կերպարը, որը եղել է 2018-ին»,-ասաց նա:

Սոցիոլոգի խոսքով, իշխանություններն այս ընթացքում կորցրել են սոցիալական բազայի բոլոր բաղկացուցիչ հատվածները, որոնք ունեին 2018-ին: «Ամենակուռ հատվածի համար, որը սոցիալապես անապահով հատվածն է, Ռոբին Հուդի կերպարը շատ կարեւոր էր, եւ նրանք փորձում են դա վերականգնել, բայց նրանք դա անում են շատ թոփալ, կաղում է այդ ամենը: Պատճառն այն է, որ դրա համար պետք է թշնամու կերպար, որը չկա այս պահին, դա փլուզված է: Դա կարող էր աշխատել այն ժամանակ, երբ կային նախկինները: Նախկինների թշնամու կերպարը փլուզվեց Բագրատ Սրբազանի շարժումը սկսվելուց հետո: Երկբեւեռ կառուցվածքն այլեւս գոյություն չունի:

Մյուս կողմից կա Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, որը կատարում է առավել դժգոհ, մարգինալացված հատվածի սեփականաշնորհման գործը: Արդյունքում իշխանությունների քայլերը չեն բերում այն արդյունքներին, որը իրենք կցանկանային»,- ընդգծեց նա:

Արթուր Պարոնյանը նկատեց, որ գործող իշխանության վարկանիշը 10-15 տոկոսի սահմաններում է, իսկ իրենց հակավարկանիշը կազմում է մոտ 60 տոկոս. «Նախկին կոչված ընդդիմությունը նույնպես ունի ցածր վարկանիշ եւ բավական բարձր հակավարկանիշ, որն ավելի ցածր է, քան իշխանությանը: Կարեւորագույն խնդիրը, որ միացնում է ամբողջ հասարակությանը, գործող իշխանությունների նկատմամբ վատ վերաբերմունքն է: Հասարակության 60 տոկոսն ատում է, չի սիրում գործող իշխանությանը: Վերարտադրվելու ոչ մի հնարավորություն իշխանությունը չունի: Ապագա ընտրություններում կլինեն նոր ուժեր, կլինեն նոր ընդդիմությունը, որը կձեւափոխի քաղաքական դաշտը»,- ընդգծեց Պարոնյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ նախկիններ այլեւս չեն կարող սպառնալիք լինել իշխանության համար. «Ոչ նախկինները, ոչ ներկաները չեն կարող հավակնել իշխանության: Կա շատ ուժեղ պահանջ, որ վերադասավորվի քաղաքական դաշտը: Ամբողջ հարցն այն է, որ չկա տրիգեր, որ այդ ամեն ինչը կատարվի: Եղավ Կիրանցի պահը եւ ծնվեց մի մարդ, որը շարժում ձեւակերպեց: Այդ մարդու կերպարը փաստացի ջարդեց ներկա-նախկին կոնստրուկտը: Զանգվածային գիտակցության համար գործող իշխանության հակառակորդը նախկինները չեն»,-ասաց սոցիոլոգը: