Ապագա խորհրդարանի ձևավորման արդյունքում լինելու է կոալիցիոն կառավարություն, որտեղ ներկա իշխանությունը գոյություն չի ունենալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Արթուր Պարոնյանը:
«Բոլորի համար կա մի ճշմարտություն՝ այս իշխանությունը պետք է գնա: Այսինքն ընտրողը ունի մեկ կարեւոր չափանիշ, որ եղածշ իշխանությունը պետք է գնա: Ո՞ւմ պետք է ընտրողը ընտրի: Հնարավոր է իր որոշումը կայացնի այդ 40-60 օրվա ընթացքում: Եթե լինեն այլ տրիգերներ՝ կծնվեն ինչ-որ ուժեր: Եթե այդ տրիգերները չեղան եւ գնաց ավելի հանգիստ, ապա ամենամեծ քաղաքական տրիգերը ընտրություններն են: Կլինեն ավելի շատ ուժեր, ավելի շատ գործիչներ, եւ մենք այդ ընթացքում կստանանք այն նոր խորհրարանը, որը կստանանք»,-ասաց նա:
Արթուր Պարոնյանի խոսքով, քիչ տոկոսով գործող իշխանությունները եւս կլինեն նոր խորհրարանում. «Նրանք ունեն վարչական ռեսուրս, ունեն որոշակի շերտ, որը տարբեր շահերով կապված է իշխանության հետ, բայց դա չի նշանակում, որ իրենց ներկա լինելը բավարար կլինի վերարտադրվելու համար: Ես համոզված եմ, որ այս իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունի:
Ընտրական ակտիվությունը լինելու է համեմատաբար ցածր, բայց միաժամանակ այդ փոքրամասնությունը կձեւավորի այն ուժերին, որոնք հետռագայում կփորձեն իրար մեջ ձեւակերպել նոր իշխանություն»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների հավանականությանը, սոցիոլոգը նկատեց, որ գործող իշխանությունը բացարձակապես պատրաստ չէ նոր ընտրական պրոցեսի. «Հեծանիվ քշելով, լոբի մաքրելով, տոլմա փաթաթելով իրենք փորձում են ինչ-որ ձեւով գտնել մի սոցւիալական հատված, որի վրա պետք է հիմնվեն: Իրենք փորձում են կերտել հասարակ մարդու կերպարը: Սա նաեւ նշանակում է, որ իրենք քաղաքական տեքստ չունեն»:











