Ես այս պահին չունեմ տեսլական, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են խաղաղ վերադառնալ իրենց տուն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ էության, չկատարվեց: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին կայացած ԱԺ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Ռուս խաղաղապահները չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն իրենց հողում, ինչպես որ պետք է տեղի ունենար հայտարարության տեքստով: Դա իշխանության ձախողումը չէ: Դուք տեսաք, որ Ադրբեջանը գնաց ռազմական գործողությունների, և փորձեր արվեցին Հայաստանին նույնպես ներքաշել պատերազմի մեջ, որ Հայաստանի սահմաններին էլ պրոցեսներ տեղի ունենան»,-նշեց Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, իշխանությունն ամեն կերպ փորձում է լուծել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրները, որպեսզի նրանք լիովին ինտեգրվեն Հայաստանի կյանքին:
«Բոլոր նրանք, ովքեր հիմա եկել են և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձում են համոզել, որ կա վերադարձի հնարավորություն, արկածախնդիրներ են, և փորձում են այդ պրոցեսները գեներացնելով լարվածություն մտցնել ՀՀ՝ նոր քաղաքական թոկ Հայաստանի վզին գցելու համար»,-ասաց նա:











