Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է, և էական չէ, կապ չունի, թե մեր երկրի առևտուրը որևէ երկրի հետ ինչքան կլինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Եթե մեր երկրի առևտուրը ԱՄՆ-ի հետ լիներ 80%, մնացած աշխարհի հետ՝ 20, ես նորից կխոսեի դիվերսիֆիկացիայի մասին»,- նշեց Պապոյանը։
Ըստ նրա՝ դիվերսիֆիկացիան մի գործընթաց է, որի արդյունքում արտահանումն ու ներմուծումը ոչ թե մեկ տեղից է կախված, այլ բազմաթիվ․ «Այս առումով աշխարհում ինքնաբավ պետություններ չկան, բոլորն էլ տարբեր պետություններ արտահանում եւ եւ տարբեր պետություններից ներմուծում են իրենց անհրաժեշտ ապրանքները: Այս գործընթացում ինչքան շատ տարբերակներ ես դու ունենում, այնքան քո տնտեսական, պարենային եւ մնացած տեսակի անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Սա շատ տրամաբանական է: Դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է մեր երկրի դիմադրողականությունն ու մրցունակությունը բարձրացնելու համար»,-ասաց էկոնոմիկայի նախարարը:











