Մեր երկրում արտադրվող էլեկտրական էներգիայի մոտ 40 տոկոսը արտադրում է ատոմակայանը, 30 տոկոսը՝ ՋԷԿ-երը, մոտ 20 տոկոսը արտադրում են ՀԷԿ-երը եւ մոտ 10 տոկոսը՝ արեւային կայանները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երեւանում ընթացող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Եթե մի քանի տարի հետ գնանք, կտեսնենք, որ արեւային կայանների բաժինը զրոյին մոտ էր: Այս 10 տոկոսը բավական արագ տեմպով աճում է, այնքան արագ, որ մեր ռազմավարության մեջ նշված թիրախներից մի փուլ առաջ ենք ընկել: Հնարավոր չէ որեւէ բանից կախված չլինել, արեւային կայաններից դեպքում էլ կախված ենք արեւից: Պետք է արեւ լինի, որ կայանը էլեկտրաէներգիա արտադրի, քամու կայանն էլ կախված է քամուց:
Մեր երկրի էներգետիկ համակարգն նրանով է լավ, որ մեկ ուղղությամբ շատ մեծ կախվածություն չունի: Դա բերել է այն եզրակացության, որ ակնհայտ է, որ նոր ատոմակայան պետք է կառուցել, բայց պետք է կառուցել այն չափի, որ այնքան մեծ չլինի, որ կլանի ամբողջ էներգետիկ համակարգը: Մեր երկրում սպառվում է մինչեւ 800-1200 մեգավատտ հզորության էլեկտրաէներգիա: Եթե մենք 1000-1200 մեգավատտ հզորության ատոմակայան կառուցենք, ապա կլինի, որ երկրի ամբողջ էներգետիկ համակարգը կախված կլինի ատոմակայանից: Դրա համար մեր միտքը նա է, որ նախ պետք է ատոմակայանի գործունեության ժամկետը երկարացնել մինչեւ 2036 թվական, իսկ 2036-ին ունենալ նոր ատոմակայան: Մեր նախնական պատկերացնումն այն է, որ այն լինի 400-600 մեգավատտ հզորության»,- հայտարարեց Սանոսյանը՝ հավելելով, որ կփորձեն նոր ատոմակայանը կառուցել մինչեւ 2036 թվականը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը մտադիր է մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները. «Մասնավորապես, Իրանի հետ կառուցվում է մեծ էլեկտրահաղորդման գծեր, որոնք կավելացնեն թողունակությունը դեպի Իրան»:











