Ոնց կարելի է Սուրբ Էջմիածինը նույնականացնել մի քանի եկեղեցականների հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե Մայր տաճարի վերաօծման ժամանակ վեհափառի ելույթը, որ Սուրբ Էջմիածնի դեմ մարտնչողները ազգի և ինքնության դեմ են մարտնչում, ընդդիմադիրների կողմից որակվել է որպես ապտակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:
«Վեհափառը ընդամենը հավատացյալների ծառան է, որը պետք է մեզ օգնի Աստծո հետ հաղորդակցվել, ինքը թագավոր չի, ինքը Սուրբ Էջմիածինը չի, ինքը սուրբ չի: Եկեք անգրագիտություն չանենք և Սուրբ Էջմիածինը, հավատը և մարդը չնույնականացնենք»,- ասաց Սիմոնյանը:
Վերջինս նաև նկատեց. «Նիկոլ Փաշինյանը, որին սրբազան Բագրատը անվանում էր նեռ, այնուամենայնիվ, Մայր տաճարի օծմանն այնտեղ էր, իսկ ինքն ո՞ւր էր, կարող է ներս չէին թողե՞լ: Համենայնդեպս անհասկանալի էր, թե ոնց ստացվեց, որ ՀՀ իշխանություններն այնտեղ էին, իսկ «Սրբազան պայքար»-ի առաջնորդը պալատկի մեջ չգիտեմ որտեղ էր»:
Դիտարկմանը, որ Բագրատ Սրբազանը ծոմապահություն մեջ էր, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ինքը կարա բեղ պահի կամ մորուք պահի, բայց դա որեւէ կապ չի կարող ունենալ 12 տարի վերանորոգվող Մայր Տաճարի օծմանը չներկայանալու հետ»:
Սիմոնյանը նաև նշեց, որ Բագրատ Գալստանյանը պիտի պատասխան տա ստի և այն ամենի համար, ինչ երկրի անվտանգության դեմ արել է:
«Եկեղեցին, հավատքը սարքել մանրադրամ պաշտոնի համար, շահի համար, դա ոչ միայն ստորություն է, այլ նաև սրբապղծություն, ինքը պիտի մնա փողոցում, պիտի պահենք փողոցում»,-ասաց նա:











