Հայաստանը լոգիստիկ փակուղում է գտնվում եւ շատ դժվար է գտնել այլընտրանքներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Արկադի Կարապետյանը, ով աշխատում է «Գազպրոմ Արմենիա»-ում

«Բայց ես չեմ էլ կարծում, որ այդ այլընտրանքները այսօր խիստ անհրաժեշտ են, որովհետեւ եթե մենք պահպանենք նորմալ հարաբերություններ մեր գործընկերների հետ, կարծում եմ՝ խնդիրներ չեն լինի: Այսքան տարի մենք ցորենի խնդիր չենք ունեցել, գազի խնդիր, էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ չենք ունեցել: Այնպես որ կարծում եմ՝ այլընտրանքների որոնումը առաջնային խնդիր չէ մեզ համար: Մենք ավելի կարեւոր ու լուրջ հարցեր ունենք, որոնցով պետք է զբաղվենք: Այլընտրանքների խնդրով եւս կարելի է զբաղվել, բայց այս պահին դա մահացու չէ մեզ համար»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով, մենք երբեք եվրոպական չափանիշներին համապատասխանող ապրանքներ չենք ունենա, դա օբյեկտիվ իրականություն է. «Մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ բոլոր առումներով եւ չենք կարող համապատասխանել Եվրոպայի չափանիշներին:

ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցները հայտարարում են՝ դուք այդպես էլ կմնաք, քանի որ այդպես եք մտածում, որ քանի դեռ մենք չենք մտել Եվրոպա, մենք միշտ կմնանք այս վիճակում: Այդպես մտածողները երեւի կարծում են, որ տնտեսությունը գոյություն ունի վակուումում, չկա մրցակցություն, չկա պատմություն: Բայց իրականում դրանք կան եւ դուք պետք է դա հաշվի առնեք:

Եթե դուք ձեր ապրանքը տանում եք Եվրոպա, դա նշանակում է, որ այնտեղ իրենց շուկան պետք է զիջեն ձեզ: Իսկ դա նշանակում է գործազրկություն, միտինգներ եւ կառավարությունն ունենալու է խնդիրներ ապագա ընտրություններում: Ոչ մի եվրոպացի չի ծափահարելու, երբ հայկական ապրանքները գրավեն իրենց շուկան:

Բացի այդ, այդ մրցակցության մեջ մեր ստարտային պայմանները նույնը չեն: Եթե մենք անգամ նույն տեմպով վազենք, ես երբեք չեմ հասնի առջեւից վազողին: Դու երբեք չեք կարող հասնել այն որակին, որը տալիս է եվրոպացի ֆերմերը»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե Հայաստանը հաշվի չառնի դա եւ կտրուկ շրջվի դեպի Եվրոպա, կպատժվի, տնտեսական կտրուկ անկում կունենա»,- ընդգծեց տնտեսագետը: