Ներողություն խնդրելու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց մարդը ներողություն խնդրելուց առաջ պետք է իրեն մեղավոր ճանաչի, զգա որ ինչ-որ արարք է արել, որը պետք չէր անել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին:
Մինչ այդ վերջինս ԱԺ նախագահին հորդորեց ներողություն խնդրել նախորդ օրը հայտարարությունների ժամանակ ընդդիմադիր պատգամավորի հետևից փողոցային բառերով ռեպլիկներ անելու համար։
«Ես ուզում եմ ձեզ հարց տալ. Արդյոք ձեր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը այստեղ նստած լսումների ժամանակ լսում էր, որ որոշ բանախոսներ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում, էդ հորդորն իրեն արե՞լ եք, թե ոչ: Արդյոք Սեյրան Օհանյանը ձեր կարծիքը կիսում է եւ ընդհանուր առմամբ սա ձեր կարծիքն է, թե՞ խմբակցության:
Ձեր գործընկեր Արմենուհի Կյուրեղյանը, որը հայտնի է ամենադատապարտելի եւ ամենափողոցային տարբերակով մտքեր արտահայտելու հարցում՝ ոչ միայն դահլիճում, այստեղից դուրս գալուց իրեն հերթական բանն է թույլ տվել, որին ի պատասխան ես արձագանքել եմ եւ միշտ արձագանքելու եմ և ավելի շատ եմ արձագանքելու։ Այն, որ ինչ-որ էակներ գիշերն իմ և իմ ընտանիքի նկարներն են փողոցում կպցնում, վատ բառեր են գրում, դրան ինչ-որ ձևով արձագանքե՞լ եք։ Կամ, որ Դաշնակցության հետ կապված թելեգրամյան ալիքում իմ անձնական համարն է տեղադրվում և հայհոյանքներ է գրվում, դրան արձագանքե՞լ եք։ Հարգելիս, ստանդարտները երկակի չեն լինում։ Քամի ցանողը փոթորիկ է հնձելու, առաջին օրվանից դուք իմ վարքագծից դա իմացել եք»,-ասաց Սիմոնյանը։
Արծվիկ Մինասյանն իր ելույթում արձագանքեց. «Սկսեցիք լավ տոնով, բայց ավարտեցիք տխրեցնող հայտարարությամբ։ Դուք շարունակեցիք նույն ձեր անպատասխանատու վարքագիծը որպես ԱԺ նախագահի: Դուք սահմանադրական պարտականություն ունեք, որ ցանկացած նման իրավիճակում խորհրդակցություն հրավիրել, քննարկել իրավիճակը, որպեսզի լարվածությունը չանցնի անթուլատրելի սահմանները։ «Դուք դա երբեք չեք արել, հակառակը՝ այս ամբիոնից հոխորտում եք նոր վիրավորանքներ անելու սպառնալիքով»,-ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։
Նա շարունակեց. «Պարո՛ն Սիմոնյան, ենթադրենք՝ վաղը էտ միկրոֆոնը ձեզ մոտ չի լինելու, թիկնազորը չկա, այս դահլիճից դուրս եք գալու հանրության մեջ, որտեղ ոչ մեկ կողքից ու թևերից չի բռնի, բայց այդ մարդկանց հետ պետք է շփվեք չէ՞։ Հիմա դուք բողոքում եք հանրային արձագանքից: Իհարկե, անընընդունելի է ցանկացած հանրային արձագանք, որը վերաբերում է անձնական վիրավորանքին։ Էդ վիրավորանքը և պահվածքը, որ դրսևորում եք այստեղից, բա դրա պատասխանն ինչպե՞ս եք պատկերացնում։
Դուք ասում եք սեռական բնույթի հայհոյանքներ են հնչում ներքևից, իսկ ՔՊ-ի խմբակցության թևից ինչպիսի՞ արտահայտություններ են հնչում։ Դուք երբևէ, թեկուզ մեկ անգամ մեծամասնության պատգամավորների այդ պահվածքը դատապարտե՞լ եք»,-հայտարարեց Մինասյանը և շարունակեց. «Ակնկալում էի, որ դուք պետք է ձեր մեջ կամք գտնեիք և ներողություն խնդրեիք, որպեսզի նաև հիմք դրվի հետագայում նման երևույթները բացառելուն, բայց դուք այն չարեցիք։ Չեք Անում՝ աստված ձեր հետ»։
Ալեն Սիմոնյանն էլ հերթական արձագանքի ժամանակ նկատեց. «Երբ դուք եւ Ռոբերտ Քոչարյանը իշխանության էիք եւ մարդկանց պադեզդներում ծեծում էիք, մարդկանց գլուխը խփում էին զուգանակոնքին, ես շատ բաց իրերն անվանում էի իրենց անունով: Հետագայում էլ եմ նույնկերպ վարվելու:
ԵՌրբ ձեր կողմից սատարվող Բագրատ ՍՐբազանը գալիս էր այստեղ եւ մի քանի 100 հազար ժողովրդի ներկայացուցիչներին վիրավորում էր, երբ ձեր կողմից բերված մարդիկ էստեղից սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում, կանայք ստեղից էնպիսի բաներ են ասում, հոտե էլ զարմանում ենք, որ ԱԺ-ի վարկանիշը ցածր է:
Դուք մի հատ Ձեր արածներին նայեք, հետո եկեք որևէ մեկին բարոյախրատական դասեր տվեք։ Հարգելիս, դուք ձեր խոսքի մեջ առնվազն երկու անգամ քողարկված սպառնալիք հնչեցրեցիք։ Ես ձեզ զգուշացնում եմ՝ իմ հետ սպառնալիքներով մի խոսացեք, այն չի աշխատում, դա հակառակ արձագանք է ունենում, եթե ուզում եք նորմալ խոսել, օրինակ ծառայեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
«Ձեր վրա թքող չկա, հասկանում եմ», «Չե՞ս ամաչում, ամոթ ա». Ալեն Սիմոնյանի և ընդդիմության կոնֆլիկտը











