«Ինձ համար տարօրինակ էր, որ հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի նախկին խորհրդական Գրիշա Թամրազյանը՝ խոսելով այն մասին, որ 2022 թվականին ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել իր նկատմամբ՝ իբրև թե ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին հանրայնորեն հայհոյելու համար։
Օրերս հայտնի դարձավ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մասին, որով դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված բողոքն ու օրինական ուժի մեջ է թողնել Գրիշա Թամրազյանի արդարացման դատավճիռը։
«Հանրային հեռուստաընկերությունը պատրաստել էր մի ռեպորտաժ, որտեղ ԿԳՄՍ ներկայիս նախարարը ներկայացնում էր ընտրությունների արդյունքները, և կողքից ինչ–որ ձայներ են լսվում։ Լրագրողն ասում է՝ «Թամրազյանը միջանցքում հեռակա հայհոյում էր նախարար Վահրամ Դումանյանին»։ Սիսակ Գաբրիելյանը, ընտրություններից երեք օր անց տեսնելով այդ ռեպորտաժը, ՀՀ Գլխավոր դատախազին ներկայացնում է հաղորդում։ Սիսակ Գաբրիելյանը վկայություն չէր տվել, որովհետև այդ պահին համալսարանում չէր գտնվել նա. միայն հաղորդումն էր ներկայացրել։ Նախաքննության ընթացքում չգտնվեց մեկ անձ, որն ուղիղ ցուցմունք կտար այն մասին, որ տեսել է, որ իրենց կողմից որակված այդ հայհոյանքներն արել եմ ես։ Ես հիմա հստակ կարող եմ ասել, որ իմ դեմ գործել է ուղղորդված խումբ»,–ասաց Գրիշա Թամրազյանը։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի նախկին խորհրդականի խոսքով, ամեն ինչ սկսվել էր դեռևս 2022 թվականին, երբ ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ շրջանառեց, որի արդյունքում երեք համալսարանները պետք է միավորվեին։
«Բրյուսովի անվան պետական համալսարանում բողոքի ակցիաներ մեկնարկեցին, որոնց նաև ես և Կարինե Հարությունյանը միացանք։ Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց 2023 թվականի հունվարին, և մրցույթի արդյունքներով նա վերընտրվեց ռեկտորի պաշտոնում։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամներից 12-ը իրենց ձայնը տվեցին Կարինե Հարությունյանին։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը, մեզ համար անհասկանալի պատճառներով, հրաժարվեց ստորագրել արձանագրությունը»,–պատմեց Գրիշա Թամրազյանը։
Նրա խոսքով, տեղի ունեցածից ընդամենը երկու օր անց պաշտոնանկ արվեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, և ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն էր, որ Կարինե Հարությունյանը վերընտրվել էր։











