«Հիմա ունենք մի իրավիճակ, որ ոչ ոք այլևս չի վիճարկում Կարինե Հարությունյանի՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր ընտրվելու մասին որոշումը։ Ի՞նչն է խանգարում, որ Կարինե Հարությունյանի հետ կնքեն աշխատանքային պայմանագիր»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի նախկին խորհրդական Գրիշա Թամրազյանը։

«Մենք 2023 թվականին ռեկտոր ենք ընտրել Կարինե Հարությունյանին։ Ընտրությունների արդյունքները վիճարկում էր Դավիթ Գյուրջինյանը, սակայն քանի որ երկու նիստի չի ներկայացել, հայցը մնացել է առանց քննության։ Այսինքն՝ Կարինե Հարությունյանի ընտրությունն անվավեր չի ճանաչվել, բայց ապօրինի նոր ընտրություն է հայտարարվել, և Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է ռեկտոր»,–նշեց Գրիշա Թամրազյանը։

Նրա խոսքով, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը պետք է իմանար այն մասին, որ եթե նախորդ ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանավել, նոր ընտրություններ անցկացնելն ապօրինի է։

«Այս բոլոր գործընթացներն արդեն վկայում են այն մասին, որ կա ինչ–որ խումբ, որը շահադիտական նպատակներով փորձում է անընդհատ տապալել այս գործընթացը։ Ապօրինի ճանապարհներով սկզբից ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին, հետո մրցույթ հայտարարեցին, որի իրավունքը չունեին»,–հավելեց նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականին համալսարանի հոգաբարձունի խորհրդի նիստում քվեարկության արդյունքներով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում ձայների մեծամասնությամբ վերընտրվել էր Կարինե Հարությունյանը, սակայն կառավարությունը չէր հաստատել մրցույթի արդյունքները։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Դավիթ Գյուրջինյանը, որն ավելի ուշ՝ հոգաբարձունի խորհրդի նիստում ընտրվել էր ռեկտորի պաշտոնում, ինչն ուսանողների և որոշ աշխատակիցների շրջանում բուռն դժգոհություն էր հարուցել։