Անկախ վարչակազմից՝ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ինստիտուցիոնալ բավականին կայուն հիմքեր ունեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ընտրությանը:

«Այս տարի արդեն հայտարարվեց, որ Հայաստանը և ԱՄՆ-ն փորձում են բարձրացնել հարաբերությունների մակարդակը ռազմավարական երկխոսությունից ռազմավարական գործընկերության, և այս առումով ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում: Թույլ տվեք վստահություն հայտնել, որ նոր վարչակազմի պարագայում էլ այս աշխատանքները բարեհաջող կընթանան և ավարտին կհասնեն:

Մեր օրակարգը հիմնված է ինչպես ընդհանուր արժեքների, ժողովրդավարության վրա, բայց, դրանից զատ, այս պահին աշխատանքներ են իրականացվում՝ ընդլայնելու համագործակցության օրակարգը, այդ թվում՝ երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունների խորացումը»,- ասաց նա:

Այս տարիների ընթացքում, ըստ փոխնախարարի, մշտապես շփումներ են պահպանվել թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների հետ, իսկ ինչ վերաբերում է ծավալված քննարկումներին՝ եթե Հարիսն ընտրվեր, կարող է ավելի նպաստավոր լինել ՀՀ-ի համար, Կոստանյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ եթե-ներով առաջնորդվելն այս պահին ճիշտ չէ: Մենք ունենք փաստ: ԱՄՆ ժողովուրդն ընտրել է Դոնալդ Թրամփին՝ որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, և ՀՀ կառավարությունն աշխատելու է ընտրված նախագահի հետ»: