Մոսկվայում բողոքի ակցիաները ճնշելու համար քաղաք բերված ռազմական տեխնիկան, նախօրեին երեկոյան ավտովթարի պատճառ է դարձել:
Վթարի մասին պաշտոնական տեղեկություն չի եղել, բայց ընդդիմադիր «Սոլիդարնոստ» շարժման քաղխորհրդի անդամ Օլեգ Կոզլովսկին Livejournal-ի իր բլոգում տեսանյութ է տեղադրել, որտեղ երեւում է ռազմական տեխնիկայի շարասյունը վթարից հետո:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես ճանապարհի ձախ կողմում կանգնած են 6 զրահամեքենաներ, իսկ վերջին զրահամեքենայից հետո երկու մարդատար մեքենաներ են, որոնցից մեկի առջեւի մասը լրջորեն վնասված է: Երկրորդ ավտոմեքենան կիպ կանգնած է զրահամեքենայի կողքին:
Kapadaster86 անվանումով ինտերնետ-օգտագործողը, ով տեղադրել է այդ տեսանյութը YouTube-ում, պարզաբանել է, որ զրահամեքենաները կանգնած են եղել Վոլոկոլամյան մայրուղու վրա: Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, երեկոյան ժամը 23-ի սահմաններում:
Օլեգ Կոզլովսկին իր բլոգում տեղադրել է այդ տեսանյութը, հետեւյալ մեկնաբանությամբ. «Մինչ մի քանի տասնյակ ակտիվիստներ հարաբերություններ են պարզում իրար մեջ, Մոսկվա է մտնում զրահատեխնիկան եւ անգամ ճզմում մոսկվացիների մեքենաները: Գուցե ձեր էներգիան ուղղեք այդ զրահամեքենաների դե՞մ»,-գրում է NEWSru.com-ը:
Կոզլովսկին նկատի ունի ընդդիմադիրների շարքերում սկիզբ առած վեճը, որը վերաբերում է դեկտեմբերի 10-ին բողոքի ակցիայի վայրի փոփոխությանը:











