Մոսկվայում հանրահավաքի վայրը Հեղափոխության հրապարակից Բոլոտնայա հրապարակ տեղափոխումը ռուս ընդդիմադիրների շարքերում գժտության պատճառ է դարձել: Մասնավորապես, Խիմկինյան անտառների պաշտպանության շարժման ղեկավար Եվգենի Չիրիկովը, ով պետք է վարեր հանրահավաքը, մեղադրել է քաղաքապետարանի հետ փոխզիջման գնացած Բորիս Նեմցովին, հատուկ ծառայությունների հետ աշխատելու մեջ:
Իրենց հերթին, հանրահավաքի վայրի փոփոխության կողմնակիցները պնդում են, որ Հեղափոխության հրապարակում հանրահավաք անցկացնելու կողմնակիցները ցանկանում են քաղաքացիներին ՕՄՕՆ-ի մահակների տակ դնել, գրում է Gazeta.ru-ն:
Հանրահավաքի վայրը տեղափոխելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայի քաղաքապետարանի եւ չգրանցված «ՊԱՌՆԱՍ» կուսակցության առաջնորդներ Բորիս Նեմցովի ու Վլադիմիր Ռիժկովի միջեւ: Սա բոլորովին դուր չի եկել հանրահավաքի հայտը ներկայացրած Անաստասյա եւ Սերգեյ Ուդալցովներին:
«Մեր թիկունքում Նեմցովն ու Ռիժկովը համաձայնություն են ստորագրել: Ես ու Սերգեյը չենք պաշտպանում այդ նախաձեռնությունը եւ առաջարկում ենք հավաքի վայրը չփոխել»,-իր միկրոբլոգում հայտարարել է Ուդալցովան:
Բանավեճը փորձել է ամփոփել «Transparency International-Ռուսաստան» կազմակերպության ղեկավար Ելենա Պանֆիլովան, ով նույնպես կողմ է հանրահավաքի վայրը փոխելուն:



























