Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին մտադիր է քննարկել ենթադրաբար ռուսաստանամետ հաքերային խմբավորման իրականացրած կիբեռհարձակումները «Մեծ յոթնյակի» (G7) երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը մեկնարկում է երկուշաբթի Փարիզում, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։
«Մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք։ Հենց այդ պատճառով եմ խնդրել G7-ի երկրներին այս խնդիրը դարձնել քննարկման առանցքային թեման», — հայտարարել է Տայանին։
Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ հաքերները դարքնեթում հրապարակել են իր և իր ընտանիքի անդամների գաղտնի անձնական տվյալները։
Տայանին նշել է, որ չարագործները նաև փորձում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ իր հարազատների մասին և պատրաստ են վճարել նման տեղեկությունների համար։
«Սա ինձ ենթարկում է նոր սպառնալիքների և ահաբեկման փորձերի։ Նրանք թիրախավորել են նաև իմ ընտանիքին և պատրաստ են վճարել իմ ու իմ հարազատների մասին լրացուցիչ տեղեկությունների համար։ Իմ պատասխանը շատ պարզ է՝ ինձ ոչ մի կերպ հնարավոր չէ վախեցնել», — գրել է Իտալիայի ԱԳ նախարարը X սոցիալական ցանցում։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հարձակումների պատասխանատվությունը դրել է ռուսաստանամետ հաքերների վրա։ Ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզին Հռոմում հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը պետք է կայանա երեքշաբթի։
Տայանին ենթադրում է, որ հարձակումները կապված են Ուկրաինային Իտալիայի ցուցաբերած աջակցության հետ։
G7-ի կազմում են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։ Եվրոպական միությունը միավորման բոլոր հանդիպումներին ներկայացված է որպես մշտական մասնակից։





























