Տեղատարափ անձրևները կարող են ստիպել սառցադաշտերին շարժվել սովորականից ավելի քան երկու անգամ արագ, իսկ առանձին դեպքերում արագացումը հասնում է 251%-ի։ Այս եզրակացությանն է եկել հետազոտողների խումբը՝ ուսումնասիրելով Ալյասկայի Թերների սառցադաշտը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Cryosphere ամսագրում։
Այդահոյի նահանգային համալսարանից Փարքեր Ուիլքերսոնի ղեկավարած գիտնականների խումբը Սիտ-Կուսա (Թերներ) սառցադաշտի վրա տեղադրված GPS սարքավորումների միջոցով յուրաքանչյուր 15 վայրկյանը մեկ գրանցել է դրա դիրքը։ Այդ տվյալները համադրել են տեղումների մասին տեղեկությունների հետ, որոնք ստուգվել են Յակուտատի օդանավակայանի օդերևութաբանական կայանի չափումների հիման վրա։
Հետազոտողները համեմատել են երկու ժամանակահատված՝ սառցադաշտի ակտիվ շարժումը 2020–2021 թվականներին և ավելի դանդաղ շարժը 2022–2024 թվականներին։ Ակտիվ շարժման շրջանում անձրևների դեպքերի կեսից ավելին ուղեկցվել է սառցադաշտի արագացմամբ։ Առավելագույն արագացման դեպքում այն մեկ օրում տեղաշարժվել է 7,5 մետրով․ արագությունն աճել է 116%-ով։ Նման արագացումը շարունակվել է 66 ժամ։ Սովորաբար այն սկսվել է անձրևի սկսվելուց մոտ 12 ժամ անց, եթե տեղումների քանակը հասել է առնվազն 20 մմ-ի։ Մոտ երեք օր անց սառցադաշտը վերադարձել է կայուն շարժման։
Դանդաղ հոսքի շրջանում արագացումներ ավելի հազվադեպ են տեղի ունեցել և պահանջել են տեղումների ավելի մեծ քանակ՝ մոտ 60 մմ։ Սակայն արագության հարաբերական աճը հասել է 251%-ի, թեև սառցադաշտը միջինում տեղաշարժվել է օրական ընդամենը 1,5 մետրով։ Սա բացատրվում է նրանով, որ նույնիսկ փոքր բացարձակ արագացումը շատ դանդաղ շարժման համեմատ զգալի է դառնում։
Մեխանիզմը կապված է ջրահեռացման համակարգի հետ։ Եթե սառցադաշտի մակերևույթի, ներսի և ստորին հատվածի ջրատար ուղիները լավ փոխկապակցված են, հալոցքային և անձրևաջրերն արագ հեռանում են։ Սակայն ոչ բավարար արդյունավետ ջրահեռացման դեպքում ջուրը կուտակվում է սառույցի տակ գտնվող խոռոչներում և նստվածքային ապարներում։ Ջրի ճնշումը նվազեցնում է սառցադաշտի ու դրա հիմքի միջև շփումը՝ հեշտացնելով սահքը։
Նման կտրուկ արագացումները կարող են ուժեղացնել էրոզիան, առաջացնել խոր ճեղքեր և փակել հովիտները՝ ձևավորելով ժամանակավոր սառցադաշտային լճեր։ Սառցային պատնեշների ճեղքումը կարող է ավերիչ ջրհեղեղների պատճառ դառնալ։ Սառցադաշտերի՝ դեպի ծով արագացած շարժումը կարող է նաև մեծացնել սառցաբեկորների պոկվելու ծավալը և նպաստել օվկիանոսի մակարդակի բարձրացմանը։
Հետազոտողների կարծիքով, տաքացման պայմաններում տեղումների բնույթի փոփոխությունն ու հալոցքի ուժգնացումը կարող են ազդել սառցադաշտերի արագացումների հաճախականության և տևողության վրա։ Սակայն դրանք դժվար է կանխատեսել․ ջրահեռացման համակարգը փոփոխվում է ոչ միայն տարիների ընթացքում, այլև առանձին օրերի սահմաններում։





























