Հոկտեմբերի 19-ին հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացած 3-ամյա աղջնակի մայրը պնդում է, որ բժիշկները անհրաժեշտ հետազոտություններ չեն իրականացրել և պատշաճ ուշադրություն չեն դարձրել երեխայի առողջական վիճակի վերաբերյալ իրենց ներկայացրած գանգատներին։

Կնոջ խոսքով՝ չնայած բարձր ջերմությանը, թուլությանը՝ բժիշկները սկզբում երեխայի վիճակը կապել են սեզոնային վիրուսային վարակի հետ, ավելի ուշ բժշկական փաստաթղթերում մահվան պատճառ է նշվել մենինգիտը։ Մայրը պահանջում է դեպքի հանգամանքների համակողմանի քննություն։

NEWS.am-ի հետ հարցազրույցում աղջնակի մայրը` Աստղիկ Գևորգյանը, պատմել է, որ ողբերգությունից երկու-երեք շաբաթ առաջ դուստրը հիվանդացել էր․ բարձր ջերմություն ուներ, կոկորդը կարմրած էր։ Պոլիկլինիկա դիմելուց հետո երեխային հակաբիոտիկներ էին նշանակել։ Բուժման արդյունքում ջերմությունն իջել էր, կոկորդի կարմրությունն անցել։

Սակայն գիշերը երեխայի ջերմությունը կրկին բարձրացել է։ Ծնողները սկզբում ենթադրել են, որ դա կարող է կապված լինել ատամների ծկթման հետ, սակայն բժշկի զննումից հետո նրանց խորհուրդ է տրվել երեխային տեղափոխել հիվանդանոց՝ ավելի մանրամասն հետազոտությունների համար։ Մոր խոսքով՝ բժիշկը նաև նկատել էր երեխայի արտահայտված թուլությունը։

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:30-16:00-ի սահմաններում, աղջնակին տեղափոխել են հիվանդանոց։ Զննման պահին նրա ջերմությունը մոտ 39.8 աստիճան է եղել։ Բժիշկը նկատել է կոկորդի թեթև կարմրություն, որից հետո երեխային ջերմիջեցնող դեղորայք են տվել։

«Ես բժշկին ասացի, որ ջերմությունը կարող էինք իջեցնել նաև տանը, քանի որ անհրաժեշտ բոլոր դեղերն ունեինք։ Բայց որոշեցի մնալ հիվանդանոցում՝ հույս ունենալով, որ երեխային ավելի մանրամասն կհետազոտեն և կպարզեն նրա վիճակի պատճառը»,- պատմել է Աստղիկը։

Կնոջ խոսքով՝ երեխայի կողքին սկզբում մնացել է տատիկը, իսկ ինքը գնացել է տուն՝ անհրաժեշտ իրերն ու սնունդը բերելու։ Սակայն վերադառնալուց հետո մայրն ու ամուսինը մինչև գիշերվա ժամը 4-ը սպասել են հիվանդանոցի մուտքի մոտ՝ հույս ունենալով, որ իրենց կկանչեն։

Ժամը 23:30-ի սահմաններում Աստղիկը հեռախոսով խոսել է դստեր հետ։ Նրա խոսքով՝ այդ պահին երեխայի վիճակն արդեն որոշակիորեն լավացել էր, ջերմությունն իջել էր։ Աղջնակը մորն ասել էր, որ երկու օրից տուն կվերադառնա։

Սակայն առավոտյան ընտանիքին հայտնել են, որ երեխային թոքերի հետազոտության նպատակով ռենտգեն հետազոտության են տարել։ Ավելի ուշ, մոր խոսքով, բժիշկը տեղեկացրել է, որ թոքերի հետ կապված լուրջ խնդիր չկա, առկա է միայն բրոնխների թեթև ախտահարում, իսկ արյան անալիզը ցույց է տվել վիրուսային վարակի առկայություն։

Աստղիկը պնդում է, որ այդ ընթացքում դստեր վիճակը շարունակել է վատանալ, մինչդեռ բժիշկները շարունակել են հանգստացնել հարազատներին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ կլինի։

Մայրը շեշտում է, որ հենց սկզբից բժշկական անձնակազմին տեղեկացրել է երեխայի բոլոր գանգատների մասին։ Մասնավորապես, աղջնակը բողոքել է աջ այտի և ականջի ցավից։ Ծնողները բժիշկների ուշադրությունն են հրավիրել նաև բարձր ջերմության և երեխայի արտահայտված թուլության վրա։

«Մենք հենց սկզբից բժշկին ներկայացրել ենք բոլոր ախտանշանները։ Ասել ենք, որ երեխայի աջ այտն ու ականջն են ցավում, որ բարձր ջերմություն ունի։ Բայց բժիշկը գրեթե անմիջապես որոշել է, որ դա սեզոնային վիրուսներից մեկն է, մինչդեռ երեխան դեռ լիարժեք հետազոտություն չէր անցել»,- հայտարարել է կինը։

Աստղիկի պնդմամբ՝ հիվանդանոցում երեխայից արյան անալիզ են վերցրել և ռենտգեն հետազոտություն իրականացրել, սակայն այլ հետազոտություններ չեն կատարվել։ Մեզի անալիզ հանձնելու անհրաժեշտության մասին իրեն հայտնել են ավելի ուշ՝ բժշկի հետ կրկին խոսելուց հետո։

Մոր խոսքով՝ երբ երեխային բերել են մեզի անալիզ հանձնելու, նրա վիճակն արդեն ծայրահեղ ծանր է եղել։ Այդ պահին աղջնակի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Աստղիկը պնդում է, որ երեխան արդեն չէր արձագանքում։

Ինչպես պատմել է կինը, բժշկական փաստաթղթերում մահվան պատճառ է նշվել մենինգիտը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, մինչ այդ բժիշկներից ոչ ոք ընտանիքին չէր հայտնել այդ հիվանդության կասկածի առկայության մասին կամ չէր բացատրել, թե ինչ կարող էր լինել երեխայի վիճակի վատթարացման պատճառը։

«Ինձ ոչ ոք չի ասել, որ իմ երեխան մենինգիտ ունի։ Ոչ ոք չի բացատրել, թե ինչու է ջերմությունը բարձրացել և ինչ է կատարվում նրա օրգանիզմում։ Եթե մեզ տեղեկացնեին նման խնդրի մասին, գոնե կհասկանայինք, թե ինչի հետ գործ ունենք։ Բայց նման բան չի եղել»,- նշել է մայրը։

Աստղիկը տեղի ունեցածը կապում է բժշկական անձնակազմի անուշադրության և երեխային ժամանակին անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու հետ։ Նա պահանջում է բժիշկների գործողությունների մանրակրկիտ քննություն և դստեր մահվան բոլոր հանգամանքների պարզաբանում։

«Ես շատ հույս ունեմ, որ այս գործով լուրջ քննություն կիրականացվի։ Պետք է հասնել նրան, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն, և մյուս ծնողներն էլ չհայտնվեն նույն իրավիճակում»,- ասել է մայրը։