ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ հավանական է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը, եթե կողմերն առաջընթաց գրանցեն Իրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցություններում։ Միաժամանակ ամերիկյան զինված ուժերը պատրաստ են նոր հարվածների, իսկ Վաշինգտոնն արդեն որոշել է Իրանի տարածքում հնարավոր թիրախները՝ ներառյալ էլեկտրակայաններն ու կամուրջները։ Այս մասին Թրամփը հայտարարել է CNN-ին տված հեռախոսային հարցազրույցում։

«Պատասխանն այն է, որ խիստ անհավանական է, որ դրա անհրաժեշտությունը կառաջանա։ Սա սնանկ երկիր է։ Հենց նոր տվյալներ են հրապարակվել, դուք տեսել եք՝ այս տարի գնաճը կազմել է 301%։ Խիստ անհավանական է, որ դրա կարիքը կլինի։ Բայց եթե անհրաժեշտ լինի, ես դա կանեմ», — ասել է ԱՄՆ նախագահը՝ 20 րոպեանոց զրույցի ընթացքում հինգ անգամ կրկնելով պատերազմի վերսկսման քիչ հավանական լինելու մասին միտքը։

Թրամփը նշել է, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված է նրանից, թե արդյոք Թեհրանը կհամաձայնի «շատ խիստ համաձայնագրի»։ Նա պնդում է, որ ամերիկյան հարվածները լուրջ ռազմական և տնտեսական վնաս են հասցրել Իրանին, իսկ երկրի ֆինանսական վիճակը շարունակում է վատթարանալ։

Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պահպանում է ռազմական գործողությունը վերսկսելու հնարավորությունը։ Ըստ նրա, տարածաշրջանում գտնվում են ամերիկյան երեք ավիակիրներ, որոնք լիովին պատրաստ են մարտական գործողությունների։

«Մենք պատրաստ ենք։ Ես այստեղ երեք ավիակիր ունեմ։ Եվս մեկը հենց նոր է ժամանել։ Մենք երեքն ունենք։ Դրանք լիովին մարտական պատրաստության մեջ են», — հայտարարել է Թրամփը։