Մենք ասել ենք, որ համայնքներում ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակի առաջին համար տեսնում ենք մեր տարածքային կազմակերպությունների խորհրդի նախագահներին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թեեւս ՔՊ-ն որոշել է Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար նշանակել Կարեն Սարուխանյանին, բայց քաղաքապետի թեկնածու է առաջադրելու այլ անձի:
Ինչ վերաբերում է պնդմանը, որ Կարեն Սարուխանյանը ցածր վարկանիշ ունի, Ալեքսանյանն ասաց. «Դա ձեր գնահատականն է, մենք հարցում չենք արել»:
Նա ընդգծեց, որ ՔՊ-ն քաղաքապետի ընտրության գործընթաց չի գեներացնի, որպեսզի օր ռաջ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, եւ եթե պարզվի, որ առանց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հնարավոր չէ ընտրությունների գնալ, օր առաջ կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար:
Վահագն Ալեքսանյանը խոսեց նաև քաղաքական ճգնաժամը լուծող հնարավոր սցենարի մասին, այն է՝ լուծումը նախագծի տեսքով կբերվի խորհրդարան, կընդունվի փաթեթ, որը հնարավորություն կտա Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ:
Հարցին՝ հույս ունեք, որ արտահերթ ընտրություններում Գյումրիի ավագանում ՔՊ-ն մեծամասնություն կկազմի՞, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Ինչպես գյումրեցին կորոշի: Մենք հույս ունենք, որ գյումրեիցները եւս մեկ անգամ կգնան ընտրության եւ կարտահայտեն իրենց կամքը: Մենք կներկայացնենք մեր ծրագիրը ու միանշանակ հույս ունենք, որ գյումրեցիները այս անգամ ավելի բարձր կգնահատեն մեր քաղաքական թիմի կատարած աշխատանքը եւ մեր նախընտրական ծրագիրը:
Մյուս կողմից ինձ հետաքրքրիր կլինի, թե մեր խորհրդարանական ընդդիմությունը վերջապես կհամարձակվի՞ իր անունով մասնակցել որեւէ ՏԻՄ ընտրության, թե ոչ»:











