«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևան քաղաքի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիստի ժամանակ ակցիա իրականացրեց ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման:
Նշենք, որ նիստին քննարկվում էր Երևանում հանրային տրանսպորտից օգտվելիս տարբեր խմբերի քաղաքացիների արտոնություններ տրամադրելու հարցը։ Փաթեթը համատեղ ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» և « Հանրապետություն խմբակցությունները։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ նույն խմբակցության անդամները բարձրացան եւ կանգնեցին նրա կողքին եւ նրանց ձեռքին կային պաստառներ՝ «Ո՛չ 300 դրամներին» գրությամբ:
Ավագանու ՔՊ-ական անդամները այս ակցիան անվանեցին շոու։ Մասնավորապես, ավագանու ՔՊ–ական անդամ Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ սակագինը դեռ 8 ամիս առաջ հաստատվել է, ու ինքը չի հասկանում, թե ինչ է հիմա ցանկանում ընդդիմությունը, իսկ այսօր օրակարգում արտոնությունների փաթեթի հարցի քննարկումն է։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ կառաջարկվի։
1 տարի տրանսպորտից անսահմանափակ օգտվելու համար ուղևորը պետք է վճարի 90 000 դրամ, 90 օր անսահմանափակ քանակությամբ տրանսպորտից օգտվելը քաղաքացու համար կարժենա 24 հազար դրամ, 1 ամսվա անսահմանափակ երթերը կլինեն 9000 դրամ։ Հասարակական տրանսպորտից ավելի քիչ օգտվողների համար քաղաքապետարանը սահմանափակ փաթեթներ է առաջարկում․ օրինակ 1 օրվա ընթացքում 8 անգամ տրանսպորտից օգտվելու համար պետք է 900 դրամ վճարել կամ էլ 300 դրամ տալ և 90 րոպեի ընթացքում 3 անգամ տրանսպորտից օգտվել։
Նշենք, որ ըստ նախագծի` Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:
Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։











