Մեզանից շատ-շատերը այդ մանդատից կարչած չեն, այդ մանդատը սրբատեղի չէ, բայց եթե մենք փորձում ենք հասկանալ՝ ինչի՞ է բերելու մանդատները դնելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները դնելու խնդրին:

«Որպես իրավաբան ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սահմանադրական ճգնաժամի հիմք չի կարող հանդիսանալ, հատկապես, որ այսօրվա ՍԴ-ն իրենց ձեռքում է: Մի հատ ՍԴ-ին դիմում կգրեն, կասեն՝ մեկնաբանեք, խնդրում ենք Սահմանադրության դրույթներ։ ՍԴ-ն էլ, որ աչքերը փակ կարող է Անկախության հռչակագրին անդրադառնալ, մի հատ էլ կես որոշում կկայացնի, որ այս խորհրդարանը կարող է շարունակել գործել: Իսկ եթե իրենց պետք է գնալ արտահերթ ընտրությունների, ՍԴ-ն բոլորովին այլ որոշում կտա:

Այսինքն, այս տեսակետից, իհարկե, սահմանադրական ճգնաժամի խնդիր չի լինելու, կարող է առաջանալ քաղաքական ճգնաժամ, բայց այստեղ էլ հարցն այն է, թե ով ինչպես կօգտագործի այդ ճգնաժամը իր շահերի համար։

Միգուցե իշխանությանը շատ ավելի ձեռք կտա այսօր գնալ արտահերթ ընտրությունների, երբ բոլոր վարչական մարմինները իրենց ձեռքում են, երբ ընտրությունները կազմակերպողը միևնույն է իրենք են լինելու, և ինչպես մենք բոլորս էլ նկատում ենք, ընդդիմությունը դեռ պատրաստ չէ առաջիկա ընտրություններին»,-ասաց նա:

Էլինար Վարդանյանը նաեւ այլ տեսանկյունից դիտարկեց այդ հարցը. «Մյուս կողմից, պատկերացրեք, որ ամեն ընտրությունից հետո գումարվող ԱԺ-ում ընդդիմությունը համաձայն չլինի իշխանության հետ և մանդատները վայր դնի։ Դա կնշանակի ամեն կես տարին մեկ, ամեն մեկ տարին մեկ հնարավոր է լինելու իրականացնել արտահերթ ընտրություններ և դրանով իսկ չի կայանալու պետական համակարգը»,-ասաց նա: