Այն մարդիկ, որոնք փորձում են զուգահեռներ անցկացնել դավաճան Նիկոլի և նախկին բոլոր իշխանությունների նկատմամբ, մեկ նպատակ ունեն՝ երկարաձգել Նիկոլի իշխանությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Հիմա, եթե դուք համարում եք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, որոնք իրենց կյանքը, ճակատագիրը, արտաքին քաղաքական բազմաթիվ ռիսկայնությունների, և՛ ֆիզիկական իրենց անձի, և՛ նաև իրենց պաշտոնի հետ կապված տարել են միայն 40 000 քառակուսի կիլոմետր հայրենիք պահելու համար, ինչը փաստ է, և Նիկոլը, ով որ ստով, կեղծիքով, մուտիլովկայով մեր պետությունը հասցրել է այսօրվա դժոխային իրավիճակին ու դա համեմատելի է նախկին ղեկավարների հետ, ուրեմն այդ մարդը Նիկոլ է։ Եվ այո, շատ են այդ մարդիկ։
Երկու կատեգորիայի են բաժանվում՝ կամ կոնկրետ հատուկ հանձնարարություններ ունեն, ընդ որում կարևոր չի հոգևոր, թե աշխարհիկ կյանքից են իրենք, և երկրորդը՝ վախկոտներ են, որ մտածում են ավելի հեշտ է այս մարդկանց խփել, այս մարդկանց թիմերին խփել, որևէ այլ մեկին խփել, որովհետև Նիկոլի մոտ դա գոնե թե երաշխավորված է»,-ասաց նա:
Աննա Մկրտչյանի խոսքով, այդ մարդիկ, որոնք հիմա ազատորեն խոսում են նախկին նախագահների մասին, իրենք հենց ապացուցում են, որ ամենևին նույն վիճակը չի. «Որովհետև իրենք վախենում են Նիկոլի անունը տալ, բայց աշխարհում բոլոր ստերը հորինում են, օրինակ նախագահ Սարգսյանի մասին։ Ինչո՞ւ, նշանակում է, որ նախագահ Սարգսյանի կառավարման ժամանակ իր ընտրած մեթոդաբանությունն ամենևին դա չի եղել, իր անունը տվողին պատժել, իր անունը տվողին բանտարկել:
Սերժ Սարգսյանի իշխանության օրոք որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չի կարվել իր անունը արտասանելու համար։ Նիկոլ Փաշինյանը քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարել, իրեն վիրավորելը քրեականացնելով և 2000-ից ավելի գործով տարբեր խափանման միջոցներ են ընտրվել, ընդհուպ մինչև կալանքը, որ հանկարծ մարդիկ Նիկոլի անունը չտան։
Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ երբեք վարչական իրավախախտում արձանագրելու համար, ոստիկանությունը գիշերը ժամը 12-ին ու մեկին, երեք-չորս ոստիկանով, չի ծեծել որևէ քաղաքացու դուռը ցույց տալու համար, որ գիտես ինչ, այ նայի, հիմա վարչականի համար ենք եկել, վաղը ուրիշ բանի համար ենք գալու»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:











