ՔՊ-ի խմբակցության ղեկավարը հայտարարեց՝ դե ժողովուրդը դարերի ընթացքում փոփոխվում է, հիմա էլ է փոփոխվել հիմա էլ նոր ազգ ենք ձևավորում. այսինքն ծրագիրը սա է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
«Այսինքն, փոխում են երկրի դիմագիծը: Մի սուբյեկտը մարդն է, մյուս սուբյեկտը ընտանիքն է, երրորդը ազգն է։ Ասում են՝ միջազգային հանրություն, բայց այդպիսի փիլիսոփայական կատեգորիա չկա: Հիմա ուզում են մեզ այս բաներից զրկեն, հենց զրկում են, մենք դառնում ենք ոչինչ։ Ազգը ինչ է դառնալու, պարզ չի։ Իսկ եթե պարզ չի, ոչ կարող է պաշտպանվել, ոչ կարող է զարգանալ, ոչ իրեն հարգելու են»,-ասաց նա:
Կարապետյանի խոսքով, իշխանության այդ քայլերը տանելու են մեր պետության, պետականության ոչնչացման. «Պետության ոչնչացումը տարբեր ձևի է լինում։ Օրինակ, այսօր Լոնդոնում 10 երեխայից երեքն են անգլիացի, 7-ը անգլիացի չեն: Հիմա այդ Անգլիան ի՞նչ է այսօրվա դրությամբ։ 10 տարի հետո Անգլիա չի լինի ընդհանրապես։
Երրորդ համաշխարհայինը վաղուց գնում է, շուտով ակտիվ փուլն է գալու, երբ բոլոր բոլորի վրա կրակելու են: Շատ հնարավոր է՝ միջուկային պատերազմ լինի: Հետաքրքիրն այն է, որ ամբողջ աշխարհը հիմա դրա մասին բացահայտ խոսում է, բայց մենք էշի ականջում քնած ենք, խաղաղության խաչմերուկից ենք խոսում: Ինձ թվում է՝ մեզ վրա ամբողջ աշխարհը ծիծաղում է: Մենք հույս ունենք, որ ինչ-որ մեկը գալու է մեր բոլորի հարցերը լուծի, այդպես չի լինում»,-ասաց Կարապետյանը:











