Միայն որոշակի քայլերի իրականացումից հետո մենք կկարողանանք  իջեցնել արմատական որոշումների ռիսկերը (ԵԱՏՄ մասով- խմբ.)։ Այս մասին Երեւանում դեկտեմբերի 18-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշել է, որ եթե Հայաստանը չունենա դասական բորսայական առեւտրի եւ կապիտալի շուկայի օրենքներ, ապա չի կարողանա ապահովել ավելի մեծ ներդրումներ զարգացած երկրներից, քանի որ արտասահմանյան գործարարները սովոր չեն ներդրումներ կատարել որեւէ այլ կերպ։

Գրիգորյանն ավելացրել է, որ Հայաստանն այս առումով անելու շատ բան ունի։ Մինչեւ նման որոշումներ ընդունելը նա կոչ է արել համոզվել, որ Հայաստանի ներքին ենթակառուցվածքը կապահովի այդ փոփոխությունների հետեւանքները, որպեսզի «կիսաբաց դռները Հայաստանի առջեւ չփակվեն, իսկ փակվածներն այդպես էլ չբացվեն»։ «Այլապես դա առաջ կբերի կոլապս»,- նշել է պաշտոնյան։

Նրա գնահատմամբ՝ անվտանգության ոլորտում որեւէ բաղադրիչի առանձին քննարկումը կարող է հանգեցնել իրավիճակի ոչ լրիվ գնահատման։ «Անկախ մեր ցանկություններից եւ ճաշակներից՝ ամեն բան չէ, որ հեշտ է, ինչպես կարող է թվալ այս կամ այն երեւույթի վերաբերյալ։ Ստեղծվել է ավանդական փոխկապվածություն, որը կրում է ոչ միայն քաղաքական բնույթ։ Նորագույն պատմությունում տեղի է ունեցել տնտեսական եւ լոգիստիկ ու այլ բնույթի ադապտացում, որը պետք է հաշվի առնել կտրուկ քայլեր անելուց առաջ։ Երբ մենք փորձում ենք քննարկել էներգետիկ ռեսուրսի կամ որեւէ այլ ապրանքի բացակայությունը, թվում է, որ իրավիճակը կառավարելի է, բայց երբ մենք քննարկում ենք այդ հարցերը տրանսպորտի, պահեստավորման եւ այլ գործոնների տեսանկյունից, ստանում ենք բոլորովին այլ պատկեր։  Ուկրաինայում դեպքերի սկսվելուց հետո ցորենի գինը դարձավ շատ հասանելի համաշխարհային շուկայում, բայց Հայաստանի համար առաջացան լոգիստիկ խնդիրներ»,- ընդգծել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ շատ հաճախ այդ խնդիրներն առաջանում են նաեւ էներգառեսուրսների մասով։

Փոխվարչապետը ավելացրել է, որ հաճախ միջազգային շուկայում ձեւավորվում է որոշակի գին այս կամ այն ապրանքի համար, բայց լոգիստիկ խնդիրները ոչ միայն կարող են բարձրացնել այդ գինը մեզ համար, այլեւ մատակարարումները դարձնել անհնար։

«Եթե գնահատենք գազամատակարարման ենթակառուցվածքը տարածաշրջանում, ապա պետք է հաշվի առնել, որ հարցը ոչ միայն ապրանքի գինը կամ առկայությունն է, այլեւ դրա մատակարարման հնարավորությունը, որը սահմանափակ է»,- նշել է պաշտոնյան։

Այս իմաստով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նա անվանել է չափազանց կարեւոր այդ ռիսկերի վերացման եւ ավելի համարժեք տնտեսական հարաբերությունների ստեղծման համար տարածաշրջանում։ «Երբ մենք խոսում ենք ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների սինքրոն կամ ասինքրոն բնույթի մասին, ապա կարող եմ ասել, որ եթե դու արտադրում ես որակյալ եւ  մրցունակ ապրանք, ոչ մի խնդիր դրա իրացման մասով չի առաջանում։ Այսօր աշխարհում նկատվում է որակյալ ապրանքի դեֆիցիտ, հատկապես պարենային»,- նշել է Մհեր Գրիգորյանը։

Նա կոչ է արել ավելի շատ մտածել սեփական արտադրանքի որակի եւ մրցունակության բարձրացման մասին։ «Միակ գործոնը, որը ստիպում է մեզ հաշվել, թե որ շուկան է մեզ համար ավելի շահեկան, ապրանքի մաքսատուրքն է։ Ոչ մի այլ սահմանափակում գոյություն չունի։ Կառավարությունն անում է ամեն ինչ ճնշման վերացման համար մաքսատուրքի մասով՝ այն երկրներից ապրանքների ներմուծման ժամանակ, որոնք չեն մտնում ԵԱՏՄ-ի մեջ»,- ասել է փոխվարչապետը։