«Բրիտանական կառավարության կողմից այդ որոշումը չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները։ Իրականում մեղմացում կա Հայաստանի վերաբերյալ արվող ռեկոմենդացիաների, ահաբեկչության հնարավոր վտանգի մասին լուրջ կտոր դուրս է հանված Հայաստանի վերաբերյալ հատվածից»։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունից ընդամենը 24 ժամ անց Բրիտանական կառավարությունը իր քաղաքացիներին հորդորել է խուսափել ՀՀ որոշ սահմանամերձ շրջանների ճանապարհներով երթևեկելուց։

«Բրիտանական կառավարության կարգավորումը, որին դուք հղում եք անում, այս փուլում ունեցել է Հայաստանի նկատմամբ դիրքորոշման մեղմացում»,–նշեց Արարատ Միրզոյանը՝ դիմելով Արթուր Խաչատրյանին։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը շարունակվում հյուսիսից դեպի հարավ, Արարատ Միրզոյանն ասաց.

«Մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ, որոնց վերաբերյալ մեր փաստաթղթերը, հիմնավորումները, քարտեզները պետք է ներկայացնենք սահմանազատման ժամանակ։ Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, մենք այն համարում ենք խաղաղության գործընթացի հենասյուներից մեկը։ Ե՛վ մեր, և ՛ ադրբեջանական կողմից կառուցողական ջանքեր են եղել, և եկել ենք ընդհանուր հայտարարի»։