ԱՄՆ-ում որոշակի սահմանափակումներ կան պաշտոնն ստանձնողների համար, եւ մենք ցանկություն ենք հայտնել հեռախոսազանգեր կազմակերպել գործընկերների հետ, երբ նրանք ստանձնեն իրենց պաշտոնը։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սակայն խոսքը ոչ միայն հեռախոսազրույցի, այլեւ ընդհանրապես ԱՄՆ նախագահի նոր վարչակազմի հետ աշխատելու մասին է։
Մեր ամբողջ թիմը մտադիր է աշխատել ԱՄՆ նոր նախագահի թիմի հետ։
Նախագահական ընտրություններից հետո մենք ձգտել ենք բարելավել հարաբերությունները, բայց նաեւ հաշվի ենք առել ԱՄՆ օրենսդրության սահմանափակումները։ Քանի որ նրանք արդեն պաշտոնավարում են, մենք աշխատում ենք նոր վարչակազմի հետ առաջ տանել երկկողմ հարաբերությունների օրակարգը, որը լավ հիմքերի վրա է: Հատկապես Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումից հետո հնարավորություն կա զարգացնել եւ ամրապնդել այդ հարաբերությունները»,- նշել է Գրիգորյանը։











