«Ասֆալտ անելուց ու մի քանի դպրոց սարքելուց բացի ի՞նչ ա արել Փաշինյանը. կարող եք գալ Էջմիածին, բոլոր դպրոցներով շրջել՝ տեսնել ինչ վիճակի է կրթությունը։ Էջմիածնի թիվ 11 դպրոցն ամռանը քանդել են, չեն վերանորոգել, երեխաներին էլ վարժարան են տեղափոխել երկրորդ հերթով, երեկոյան 21։30–ին ավարտում են դասերը»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսվարողների բողոքի ակցիային միացած ակտիվիստը՝ Արմեն Ալեքսանյանը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Էս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն անում ա, որ ժողովուրդն ակտիվանա, բոլորով միասին դուրս գանք ու պրծնենք իրենից։ Մի օր առևտրականներին է կպնում, մի օր տաքսիստներին... ուզում է, որ իրեն հեռացնեն, հեռացնող չկա։ Առանձին առանձին ակցիա անողները բոլորը պետք է համախմբվեն, էդ դեպքում Նիկոլին հեռացնելը ժամերի հարց կլինի»,–ասաց Արմեն Ալեքսանյանը։
Նա նշեց, որ վերջերս իշխանությունների և Էջմիածնի քաղաքապետի հրամանով էջմիածնի հրապարակից հանվել է Արցախի դրոշը, քաղաքացիներն այլ վայրում են տեղադրել։
«Հրապարակից բալգարկով կտրել, տարել էին դրոշը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները:
Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։











