Քաջարան գյուղի խնդրով մտահոգ բնապահպանների պատրաստած տեսանյութն արդեն հայտնվել է համացանցում, որտեղ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բնապահպան Մարիամ Սուխուդյանին սպառնում է ասելով. «Նայի, քեզ բան չլինի»:
Բացի այդ, նա մեկ այլ բնապահպան ակտիվիստուհու խոսքը կտրում է հետեւյալ խոսքով. «Այ Ճպուռ, քիչ խոսա»:
Քաջարանցիների ու բնապահպան ակտիվիստների հետ զրույցի ընթացքում Սուրեն Խաչատրյանը հավատացնում է, որ գյուղին, ոչ ոք չի կարող մոտենալ, ոչ ոք չի կարող ասել «ձեր աչքի վերեւն ունք կա» եւ գյուղից տեղահանել, նկատելով, որ միայն թուրքերն են հայերի գերեզմանը քանդում: «Ամեն, ինչ կարվի այնպես ինչպես ժողովուրդն է պահանջում»,- հավատացրել է Սուրեն Խաչատրյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը նաեւ հայտնել էր, որ Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը, որով հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը կետք է տրվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Գյուղապետը հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում է նշանակում:
Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր, գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել գյուղացիների բողոքներն ու առաջարկությունները, սակայն չի հրաժարվի հանքը ընդլայնելու ծրագրից:











