«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Երեւանում բացել է նոր 110/6 կիլովոլտ հզորության ենթակայան, որն օգտագործված տեխնոլոգիաների եւ տեխնիկական հագեցվածությամբ եզակի է տարածաշրջանում։ Դեկտեմբերի 21-ին, Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում շահագործման հանձնված ենթակայան այցելելեցին «Հայաստանի էլցանցեր»-ի ներկայացուցիչները, Երեւանի ճարտարագիտական համալսարանի ուսանողներ եւ լրագրողներ։
«Հայաստանի էլցանցեր» ընկերության կապիտալ շինարարության դեպարտամենտի պետ Ռոմանոս Մկրտչյանի խոսքով՝ բարձրավոլտ ենթակայանը, նմանատիպ կայաններից առաջին հերթին տարբերվում է նրանով, որ այն ամբողջությամբ փակ է։ «Ենթակայանի շինարարությունն սկսվել է 2010 թ. մայիսին։ Ընդհանուր առմամբ կառուցման եւ տեխնիկական հագեցման համար ծախսվել է 3 մլրդ 400 մլն դրամ։ Ենթակայանը սպասարկելու է Երեւանի կենտրոնը, քանի որ կենտրոնում շինարարության ինտենսիվ զարգացում է եղել, եւ էլեկտրաէներգիայի պահանջարկը այդ հատվածում բարձր է»,- նշեց Մրտչյանը։ Նրա խոսքով՝ ենթակայանը ամբողջությամբ հեռակառավարվող է, որն իրականացվում է համակարգչի միջոցով։ Սարքավորումները ֆրանսիական «Ալստոն» ընկերության արտադրանք են, եւ բարձր լարման սարքերն աշխատում են էլեգազային մթնոլորտում, որը ավելի անվտանգ է դարձնում կայանի տարածքը։
Պատասխանելով նմանատիպ նոր ենթակայններ կառուցելու մասին հարցին՝ Մկրտչյանը նշեց, որ պահանջարկի դեպքում դրանք կկառուցվեն։ «Քաղաքի հետագա զարգացման դեպքում, եթե էլեկտրաէներգիայի պահանջարկ առաջանա, ապա մենք պարտավոր կլինենք եւս մեկ երկու նման եթնակայան կառուցել»,- ասաց «ՀԷՑ» կապիտալ շինարարության դեպարտամենտի պետը։











