Եթե քեզանից բան ես ներկայացնում, պիտի անպայման խոսեն քո մասին, եթե տեսնում են, որ քո հետևից շատ ժողովուրդ է գնում, անպայման պիտի քարկոծեն, որովհետև ես այս 20-25-30 տարվա ընթացքում միայն դա տեսա, որ երբ մեկի հետևից ժողովուրդ է գնում, այնպես են անում, որ նմանատիպ մարդիկ երկրում ռեյտինգ չունենան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ Ադամից ու Եվայից սկսած մինչև հիմա այդպես է:

Հարցին՝ ո՞ւմ է իրեն լուրջ մրցակից համարում, նա պատասխանեց. «Ես բոլորին էլ լուրջ մրցակից եմ համարում, բոլորին էլ ընդունում եմ, կապրենք, կտեսնենք: Ով, որ անցավ լեգիտիմ ձևով, ես անպայման կշնորհավորեմ։

Այո, կարող են կեղծել ընտրությունները, որովհետև հիմա պտտվում են խոսքեր, որ բերում մարդկանց գրանցում են ու պետք է պտտեցնեն 82 ընտրական տեղամասերում: Ես համոզված եմ, հավատում եմ, թե ում ձեռագիրը դա կլինի, ինքն էլ հավանական է մեզ լսում է, բայց մենք շատ ուշի-ուշով հետևելու ենք ու չենք թողնելու։ Մենք պայքարելու ենք անպայման,  որ իրենց այդ ֆռիկը, որ մշտական անում են, չթողնենք դա: Վերջին րոպեին ցուցակները փոխում են, հետո երկրորդ օր արագ կարգով նորից հին ցուցակներն են փակցնում պատերին, մենք դրա վրա հատուկ ուշադրություն ենք դարձնելու և բոլոր ընտրական տեղամասերում մենք ունենալու ենք լուրջ մարդիկ, և դրսում, և ներսում, որ երբ որ տեսանք՝ նույն մարդը պտտվում է, մենք իրենց կհայտնաբերենք:

Հիմիկվանից տեղյակ եմ պահում՝ ում որ դրսից բերել, գրանցել եք վեց ամիս առաջ, այդ մարդկանց մենք պետք է հայտնաբերենք և զգույշ եղեք այս անգամ, չենք թողնելու»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը:

Նշենք, որ այս հարցազրույցը տեղի է ունեցել նախքան Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելը: