Կարծում եմ՝ բանակցությունները ԼՂ հակամարտության ճիշտ լուծման ուղղությամբ պետք է շարունակվեն, և այդ բանակցություններում Հայաստանի խոսքը պետք է անցնի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ պետք է դադարեցնել բոլոր տեսակի բանակցությունները, քանի դեռ գերիները չեն վերադարձվել: Նշենք, որ այդպիսի առաջարկով հանդես էր եկել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Առաջինը Արցախի ճակատագրի վերաբերյալ բանակցություններն են, որտեղ երեք հանգամանք պետք է հաշվի առնեն։ Առաջինը, որ հակամարտությունը ավարտված չէ, Ադրբեջանի հանցագործ գործունեությամբ ցեղասպանություն է տեղի ունեցել Արցախի ժողովրդի բռնագաղթեցմամբ, և Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա: Երկրորդը, Արցախի Հանրապետության ինստիտուտները պետք է գործեն, կառավարման ամբողջ համակարգը պետք է աշխատի, ընդ որում դա պետք է աշխատի մայր Հայաստանում:
Բանակցությունները Արցախի ճակատագրի շուրջ այլընտրանք չունեն, իսկ բանակցությունների ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս գործընթացները իրականացվեն։
Ինչ վերաբերում է գերիներին, ապա գերիների վերադարձի խնդիրը նաև եռակողմ հայտարարության մաս է կազմում, և բանակցությունների ընթացքում անպայման պետք է դնել այդ հարցը: Բանակցությունները, հասկանալի է, որ հեշտ չեն, մարդիկ կարծում են, որ Արցախի ճակատագիրը որոշված է, իհարկե դժվար է այդ ամենը վերականգնել, բայց հապաղելը նման է հանցագործության»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նա հայտարարեց, որ գործող իշխանությունը տապալեց բանակցությունները, ինչը բերեց պատերազմի, իսկ պատերազմից հետո էլ ոչինչ չի անում:











