Ներմուծողները ցանկանում են, որ իշխանություններն ավելացնեն էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտաները։ Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է էլեկտրամոբիլներ ներկրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Արտեմ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ դա կարելի է անել դիլերների կողմից չօգտագործվող քվոտաների միջոցով, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց լրացուցիչ էլեկտրական մեքենաներ ներկրել։
Նա դժգոհել է քվոտաների անարդար բաշխումից՝ որպես փաստարկ բերելով վիճակագրությունը, ըստ որի՝ 2024թ. պաշտոնական դիլերները Հայաստան են ներմուծել 800-ից պակաս էլեկտրական մեքենա, իսկ այս տարի՝ հնարավոր 3 000-ից ընդամենը 500-ը։
Ներմուծողը տեղեկացրել է, որ պատկան մարմինները հավաստիացրել են, որ որոշումը կվերանայվի, սակայն մինչ օրս փոփոխություններ չեն նկատվել։
Հակոբյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը հանգեցրել է ավելի քան 500 էլեկտրական մեքենաների կայանման արժեքի թանկացման, որոնք ստիպված են եղել երկար սպասել մաքսազերծմանը։
Որպես փաստարկ քվոտաների վերանայման օգտին՝ նա նշել է նաեւ լոգիստիկ խնդիրները, որոնք թույլ չեն տվել մեքենաներին ժամանակին հասնել մաքսակետ։
«Ուզում եմ հասկանալ, թե ինչ հիմքով են բաշխվել քվոտաները։ Ինչո՞ւ է դիլերներին, որոնք անցյալ տարի ներմուծել են ընդամենը 800 էլեկտրամոբիլ, քվոտաներ տրվել 3 000 նման մեքենաների ներկրման համար»,- եզրափակել է Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները 2025թ. համար սահմանել են 5 հազար էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտաներ ֆիզիկական անձանց համար՝ առանց մաքսատուրքի, եւս 3 հազարը՝ դիլերների համար (ընդհանուր, ԵԱՏՄ-ն Հայաստանին տրամադրել է 8 հազար այդպիսի ավտոմեքենա անմաքս ներմուծելու քվոտա)։ Սակայն մեկ ամիս առաջ իշխանությունները հայտնել են, որ ֆիզիկական անձինք արդեն ներկրել են գրեթե 4 500 էլեկտրական մեքենա, այսինքն՝ քվոտաներն արդեն սպառվում են, իսկ մաքսազերծումը չհասցրած մեքենաները պարապուրդի են մատնված։











