Արտաքին հետախուզական ծառայությունն իր մանդատի շրջանակներում հետախուզական տեղեկություններ է հավաքում, ամփոփում և ներկայացնում քաղաքական ղեկավարությանը և գերիների հետ կապված հարցերը նույնպես եղել են մեր աշխատանքի թիրախում։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը:
Լրագրողները խնդրեցին մանրամասներ ներկայացնել,թե կոնկրետ ինչ է արվել այդ ուղղությամբ, ինչին նա արձագանքեց. «Հետախուզական ծառայության աշխատանքը մանրամասնելու վերաբերյալ հարցը մասնագիտական տեսանկյունից կոռեկտ չէ:
Արտաքին հետախուզության ծառայության խնդիրն է գնահատել Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին ռիսկերը, նաև հանրությանը տեղեկացնել հնարավորի և թույլատրելի սահմաններում, թե ինչպիսի ռիսկեր կան։ Ինչ վերաբերում է շեշտադրումներին, համաձայնեք, որ նման հարցը առաջին հարցն է, որ հետաքրքրում է հանրությանը՝ հարձակման մտադրությունների, հնարավորության և այլնի մասին: Մեր խնդիրն էր հնարավորության սահմաններում օբյեկտիվորեն և մասնագիտական տեսանկյունից գնահատել հարձակման հավանականությունը, ինչը մենք և արել ենք»,-ասաց նա:
Հարցին՝ հիմա հարձակման հավանականություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, Գրիգորյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում և մենք հետևում ենք իրավիճակին»:











